Խուզարկություն՝ Սասնա ծուռ Սեդրակ Նազարյանի տանը. փորել են նաև աթարի դեզը
Հիմնադիր խորհրդարանի հաղորդագրությունը «Սասնա խռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից մոտավորապես չորս ամիս անց վարչախմբի պատժիչ մարմինները «հետախուզական» անտրամաբանական և ջղաձիգ գործողություններ են իրականացնում։ Այսպես, երեկ՝ նոյեմբերի 11-ին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, տեղի է ունեցել լայնամասշտաբ խուզարկություն Սասնա ծուռ Սեդրակ Նազարյանի՝ Սպանդարյան գյուղում գտնվող տանը։ Մի քանի տասնյակ ոստիկաններ և ՀՔԾ աշխատակիցներ ավելի քան հինգ ժամ խուզարկել են տունը և տան հարակից շինությունները՝ գործի դնելով ականաորսիչներից մինչև հատուկ վարժեցված շուն՝ խուզարկության ընթացքում ընդհուպ քանդելով տան հատակը, փորելով տնամերձ հողատարածքը և աթարի դեզը։ Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել։ Իրենց ապիկարության հերթական բացահայտումից չորս ամիս անց վարչախումբը փորձում է Սեդրակ Նազարյանի հարազատների և ըմբոստ համագյուղացիների մոտ ստեղծել ահաբեկության ու վախի մթնոլորտ․ փորձ, որն ինչպես իր նախընթացները, այլ բան չի կարող շնորհել վարչախմբին, քան հերթական ձախողումը։