Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյանի առաջարկը՝ Պաշտպանության նախարարին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen-sargsyan

ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ այն տպավորությունն ունի, որ կա խոսքի ու գործի հակասականություն. «Ամեն ինչից խոսելու փոխարեն պետք է բարելավել օրենքը եւ հասարակական վերահսկողություն սահմանել: Այս օրենքը նաեւ հետադարձ ուժ պետք է ունենա: Ազգային տուրքի գաղափարը լավն է, պետք է այն հասունացնել:Նաեւ՝ հիմնադրամ հազար դրամից ավելի վճարածների անունները պետք է հրապարակվեն, որպեսզի լինի հաշվետվողականություն: Փորձենք այս նախաձեռնությունը կատարելագործել ու վստահության հիմքեր ստեղծել, ու լինենք ՀՀ լավ քաղաքացի»: Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ նորմալ է, որ այս նախագծի քննարկումները բավականին բուռն եղան, քանի որ կիսապատերազմական երկրում ենք ապրում: Նրան զարմացրել էին մինչ այդ պահը հնչած մի շարք ելույթներ, որոնց ժամանակ, ըստ նրա, տրանսֆորմացվել են ազգ-բանակ համազգային գաղափարը եւ այլ լույսի տակ ներկայացվել. «Կարծում եմ՝ դա սովորական դեմագոգիա է: Իհարկե, հնչեցին նաեւ լուրջ առաջարկներ, ինչպես նաեւ՝ օրիորդաց վարժարանին վայել լալահառաչ, ռաբիս, 3-րդ դասարանի հայերենի մակարդակի շարադրություններ, որոնք, չեմ կարծում, որ կարող է պատիվ բերել որեւէ քաղաքական գործչի»: Ինչ վերաբերում է ԲՀԿ դիրքորոշմանը, ապա տիկին Զոհրաբյանը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ իրենք կողմ են քվեարկելու ու այս նախաձեռնությունը վաղուց պետք է լիներ. «Միաժամանակ կոչով դիմում եմ հետաքննող լրագրողներին՝ եկեք այն պատգամավորների հետ, որոնք նախանձախնդիր են զինվորի հացը խլողի ձեռքը բռնվի, Վահագնի թաղամասում դղյակներ կառուցած օլիգարխ գեներալներին բերեն օրինականության դաշտ, այս ամենը հրապարակայնացնենք անուն առ անուն: Այդ անունները գիտենք բոլորս, նրանց ցոփ ապրելակերպը բոլորիս տեսանելիության տիրույթում է: Մենք սկսելու ենք զուգահեռ գործընթաց՝ զինվորի հացը գողացողին պատասխանատվության ենթարկելու»: Ինչ վերաբերում է «Մարտիկ» հիմնադրամում կուտակված գումարներին, որոնց մասին Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել էր, ապա հիմնադրամի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը պատասխանել է՝ ասելով, որ հանգիստ լինեն՝ 1 մլն 200 հազար ԱՄՆ դոլարը ապահով պահված են բանկային տարբեր համակարգերում. «Հարց է առաջանում՝ այդ ինչո՞ւ եք ապահով պահել բանկային տարբեր համակարգերում, բա մեր երկրում ապրիլի 2 եղավ, զոհեր եղան, տարբեր զինվորների՝ արտերկրում բուժման կարիք եղավ, ֆեյսբուքներում փող էինք հավաքում այդ երեխաների համար: Բա այդ գումարները ներդնեիք, որ զինվորներին բուժեինք, ոչ թե ֆեյսբուքներում նստեինք 1000 դրամներ հավաքեինք, այլ ոչ թե առաջին տիկնոջ կամ տարբեր կազմակերպությունների բարեգթությանը ապավինեինք: Եթե որոշները սա համարում են բացատրություն, ինձ համար հիմնավորում չէ: Նաեւ կարծիքներ հնչեցին, որ թալանչիների գործը թողնենք Աստծուն... Գիտեք՝ եկեք Աստծուն չխառնենք. մեր եւ աստվածայինի չափումները շատ տարբեր են, որպեսզի կարողանանք վստահություն ձեւավորել այս շատ կարեւոր նախաձեռնության հանդեպ ու զուգահեռաբար զբաղվենք բանակը թալանողների հանդեպ գործերով: Վհուկների որսի կոչ չեմ անում, կուլակաթափության կոչ չեմ անում, ես անում եմ հստակ պատասխանատվության կոչ»: Տիկին Զոհրաբյանը նաեւ մի քանի առաջարկ ներկայացրեց Պաշտպանության նախարարին. «Եկեք մինչեւ հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացողներին ազատեք այս տուրքից, հարյուր հազարից հետո՝ պրոգրեսիվ աճով սահմանենք դեպի աճ ազգային տուրք»: