Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Աբաջյանի անունով դասասենյակ է անվանակոչվել

Հասարակություն
Robert_Abajyan_02

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հ.147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում արիաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվամբ: Մերօրյա հերոսի ծննդյան տարեդարձի օրը նրա անվամբ դասասենյակ անվանակոչվելու « Գիտակցված մահն անմահություն է» խորագրով հիշատակի ցերեկույթին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալը երախտիքի խոսք է հղել միջոցառման կազմակերպիչներին՝ հատկանշելով  նման նախաձեռնությունների կարևորությունն ու այն պարտքի գիտակցումը, որը հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչներին  ավելի ճանաչելի է դարձնում  արցախյան հերոսամարտի մասնակիցներին ու նրանց գործը շարունակող մերօրյա հերոսներին, որոնցից մեկն էլ կյանքը  հայրենիքին նվիրաբերած Ռոբերտ Աբաջյանն էր: unnamed-3 Դավիթ Օհանյանը տոկունություն է մաղթել Ռոբերտի  ծնողներին և հարազատներին` վստահեցնելով, որ քաղաքային իշխանություններն իրենց լիազորությունների շրջանակում  այսուհետ ևս  սատարելու են հերոսաբար ընկած զինվորների ընտանիքներին`նրանց հոգսը հնարավորին թեթևացնելու համար: Հիշատակի ցերեկույթին մասնակցել են  նաև  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը,   ՀՀ ՊՆ սպայական բարձրագույն կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու աշակերտներ: Հուշ-ցերեկույթի ընթացքում ռազմահայրենասիրական երգերով ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ  սպայի տան «Զորական» երգի համույթը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վերհիշել են Ռոբերտ Աբաջյանի դպրոցական առօրյայի դրվագներ, ինչպես նաև գրական ակնարկ է ներկայացվել  Ռոբերտի և նրա ծառայակից ընկերների`ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մղած հերոսական մարտից: Ռոբերտ Աբաջյանի կրտսեր սերնդակիցները երդվել են վառ պահել նրա հիշատակը և անհրաժեշտության դեպքում անձնվիրաբար ծառայել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ռոբերտ Աբաջյանի անվան նախնական զինվորական պատրաստության դասասենյակի բացման պատիվը վերապահվել է  Ռոբերտ Աբաջյանի հորը` Ալեքսան Աբաջյանին և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, ով սեփական միջոցներով իրականացրել է դասասենյակի նորոգումը:  Ռոբերտ Աբաջյանի անվան դասասենյակում ներկաները ծաղիկներ են խոնարհել նրա անկյունին, դիտել մերօրյա հերոսի կյանքի մասին պատմող ցուցադրություն: