Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աբաջյանն ինքը իրանով դրական էներգիա էր» (տեսանյութ)

Հասարակություն
kjaj

Ուրախ, կենսախինդ, աշխույժ, հայրենասեր ու նպատակասլաց: Այսպես են ընտանիքի անդամները, ընկերներն ու պարզապես ծանոթները հիշում Ռոբերտին: Ցավը  ժպիտի տակ թաքցնելով, հայրն անընդհատ հուշում  է ՝ ուրախ դեմքով պատմեք նրա մասին: «Անհնար էր իր հետ 100 մետր քայլել ու բերանը մինչեւ ականջները չբացել: Կյանքով լի էր: Ինքը իրանով դրական  էներգիա էր: Չարաճճի էր, բայց դրական լիցքերով: Ոչ մեկին չի նեղացրել: Աշխատել է միշտ ճիշտը պահել»,-պատմում են հարազատները: Աբաջյանների  ընտանիքում այսօր սեղան էր բացված: Հեռու-մոտիկ, հարեւան ու բարեկամ հավաքվել էին նշելու ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը: Արցախի հերոսն այսօր  կդառնար 20 տարեկան: Ռոբերտն, առհասարակ, բոլորի ծննդյան տոներն էր սիրում: Ընկերներին ու բարեկամներին առաջին էր շնորհավորում: Ավանդույթը նա չխախտեց անգամ ապրիլյան պատերազմի օրերին: Ապրիլի մեկին վերջին անգամ շնորհավորեց հորը: Բանակ զորակոչվելիս չէր տխրել, հիշում է մայրը: Միայն, թե կարծես գուշակել էր իր ճակատագիրը. «Ասում էր մա՛մ, կտեսնես, ես Ղարաբաղ եմ ընկնելու, ես բախտ չունեմ ու երեւի, չուներ էլի»: Հերոսի սիրելի ծննդյան տորթը նույնպես պատրաստել էին: Միայն թե այս անգամ, բերել էին շիրմին: Ընկերները հիշում են, սիրում էր այս օրը յուրահատուկ անցկացնել: Կրտսեր Սերժանտ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլյան քառօրյա  պատերազմում։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, նա բացված նռնակը թաքցրել է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացրել, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորի: Ռոբերտին  հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում։