«Հասել ենք կայարան, սակայն չեն թողնում իջնել» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը արտահերթ ելույթով հանդես եկավ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ նշելով, որ այսօր սուբսիդավորումը պետք է դարձնել թիրախային, իսկ տենդերները՝ թափանցիկ: Նա մի քանի ուղենշային կետեր նշեց, որոնց ուղղությամբ հստակ աշխատանքներ պետք է իրականացնել. «Պետք է ունենանք հաստիքով հաստատված անասնաբույժներ, որոնց պետք է շահագրգռվածություն անել, որ վերադառնան իրենց համայնք ու այնտեղ աշխատեն»: Ըստ նրա՝ այսօր արդեն պետք է մտածել, թե հաջորդ տարվա մթերումն ինչպես պետք է անել. «Հանդիպելով ֆերմերների ու վերամշակողների հետ՝ հասկացել եմ, որ պետական խորհուրդներ է պետք ստեղծել, հակառակ դեպքում դաշտն անկառավարելի կլինի ու կգնանք կոլապսի: Հիմա փորձում եմ այդ շղթան ստեղծել՝ պետություն-գյուղացի-վերամշակող, ստեղծենք դասակարգել նորմալ գին: Երեւի դա պետք է կարգավորենք օրենքով: Որտեղ կպնում ենք, ամբողջովին խնդիր է»: Նախարարը նշեց կոնկրետ ոլորտներ, որտեղ ակնհայտ են հակասությունները. «Եթե այսօր ֆերմերները, օրինակ՝ կաթ արտադրողները իրար համարում են մրցակից ու պատրաստ չեն համագործակցել ու մինիմալ գնի շուրջ պայմանավորվել, դա լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու: Պետությունը, իհարկե, կարող է պարտադրել որոշակի մեխանիզմներ, սակայն այդ դեպքում կաթ վերամշակողն ասում է՝ գործարանս կփակեմ, կգնամ, դա մի տեսակ շանտաժային խոսակցություն է դառնում: Պետք է հասկանանք՝ եթե չմիավորվենք, գյուղատնտեսությունը չենք փրկի: Պետք է գտնել ընդհանուր հայտարար»: Իգնատի Առաքելյանի խոսքով՝ ՀՀ գյուղատնտեսությունը չի կարող մրցակցել խոշոր պետությունների հետ իր ծավալներով. «Սակայն ՀՀ-ն կարող է մրցել իր անունով, իր համբավով, հայկական անունը հարգված է ԵՏՄ-ում, ու շատ բիզնեսներ դրանով առաջ են գնում: Մեր ուժեղ կողմը մեր արտադրանքի որակը պետք է լինի: Գյուղատնտեսությունը ունենալով շատ խնդիրներ, այն ոլորտն է, որտեղ կարելի է ներդրում անել ու հասնել հաջողության»: Այնուհետեւ ելույթ ունեցով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, որն իր խոսքում նշեց, թե մենք նման ենք մի պետության, որ հասել է կայարան, սակայն նրան չեն թողնում, իջնել: «Բրավո»,- արձագանքեց նրա ելույթին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Ռեալ Մադրիդի երկրպագուները թող ծափահարեն»,- կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով. «Իսկ հիմա Բարսելոնա»՝ ամբիոնի մոտ ելույթի համար հրավիրելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: