Հոգեւոր առաջնորդները մեկմեկու շնորհակալություն են հայտնել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս․ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ Կիրիլ Պատրիարքի հովվապետության տարիներին շարունակվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջընթացն ու հոգևոր զարթոնքը՝ ի նպաստ ողջ քրիստոնյա աշխարհի։ Բացի այդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի հայոց թեմերի և տեղի հայության հանդեպ մշտապես ցուցաբերվող հոգևոր խնամքի և հայրական հոգածության համար իր մասնավոր շնորհակալություն է հայտնել Կիրիլ Պատրիարքին: Իր հերթին ողջունելով Նորին Սրբությանը և նրան ուղեկցող պատվիրակությանը՝ Կիրիլ Պատրիարքը շնորհակալություն հայտնեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին՝ Նորին Սրբության համար հատկանշական հոբելյանի ՝ ծննդյան 70-ամյակի այս օրերին իր ներկայության և բերած մասնակցության համար։ Կիրիլ Պատրիարքը գոհունակությամբ նշեց, որ երկու ժողովուրդներին միավորող անցյալի նվիրական կապերն այսօր էլ շարունակում են զորանալ և պտղաբերել։ Նա ընդգծել է, որ անցյալում հայ-ռուսական հարաբերություններն անցել են թե´ դժվարությունների և թե´ հերոսական եղբայրական համագործակցության միջով՝ անկախ պետությունների առկայության պարագային շարունակելով ամրապնդվել և զարգանալ նոր ոգով ու ընդգրկունությամբ։