Նեյմարին սպառնում է 2 տարվա ազատազրկում
Իսպանիայի դատախազությունը պահանջել է երկու տարով ազատազրկել եւ 10 մլն եվրոյով տուգանել «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին, որը մեղադրվում է խարդախության մեջ: Ինչպես հայտնում է իսպանական «Կադենա Սեր» ռադիոկայանը, ֆուտբոլիստը եւ նրա հայրը՝ Նեյմար դե Սիլվան, «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելիս միտումնավոր խափել են բրազիլական ինվեստիցիոն ընկերությանը, որի արդյունքում վերջինս կատալոնյան ակումբից չի ստացել իրեն հասանելիք 40 մլն եվրո գումարը: Ի դեպ, բրազիլական ընկերությունը այս տարվա սկզբին նույնպիսի մեղադրանք էր ներկայացրել նաեւ «Բարսելոնայի» նախկին եւ ներկայիս նախագահներին՝ Սանդրո Ռոսեին եւ Խոսեպ Բարտոմեուին, սակայն Բարսելոնայի քաղաքային դատարանը նրանց վրայից հանել էր այդ մեղադրանքը: Ինչպես նշում է «Մարկա» օրաթերթը, իսպանական դատախազությունը պահանջում է նրանց նույնպես ազատազրկել՝ համապատասխանաբար 5 եւ 3 տարով: Բրազիլիայում հետաքննում են «Սանթոսի» նախկին նախագահ Օդիլո Ռոդրիգեսին, որի օրոք է տեղի ունեցել Նեյմարի տրանսֆերը: Թերթը նաեւ նշում է, որ «Բարսելոնան» կարող է տուգանվել 195 մլն եվրոյով, եթե իսպանական դատարանը լիովին բավարարի բրազիլական ընկերության հայցը: