Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տաքսիներում ընտրություն չեն կազմակերպում» (տեսանյութ)

Քաղաքականություն
eUEoLBM7Q3Y

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծի քննարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար  Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ կարծես թե փաստաթղթի վերաբերյալ հակասություններ չկան. «Պարզապես նախընտրական կրքեր են ու տարբեր թեմաներից ու խնդիրներից խոսում ենք այստեղ, սակայն օրենքից շատ քիչ են խոսում, քանի որ այն, իրոք, լիբերալ է, որը ապահովում է քաղաքական մրցակցություն»: Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթին՝ նա նշեց, որ իսկապես պետք չէ անդրադառնալ 1990-ականներին, սակայն կան տերմիններ, որոնք պետք չէ օգտագործել: Նա անդրադարձավ ընդդիմադիրների այն դժգոհություններին, թե իրենց հեռուստաեթերով ցույց չեն տալիս. «Տիգրան Ուրիխանյանը բողոքում էր, թե իրեն եթեր չենք տալիս, հաջորդ օրը միացնեմ հեռուստացույցը, տեսնեմ՝ նա է՝ իր բնակարանով, իր ընտանիքով հետո անընդհատ-անընդհատ՝ Տիգրան Ուրիխանյան:  Ես զարմանում եմ, որ այս հեռուստատեսությունները պրովոկացիաների են ենթարկվում»: Դահլիճը պայթեց ծիծաղից: Պարոն Բաղդասարյանը մեկ խորհուրդ ուներ ընդդիմադիրներին՝ աշխատեն, որ թաղային կուսակցություններից վերածվեն համապետական կուսակցությունների. «Կուսակցությունն ընտանեկան բիզնես չէ. կան ընտանիքներ, որոնք 3-4 կուսակցություն են բացել, թաքուն դրել բարձի տակ: 4-5 տարի անց սկսում են աճուրդի հանել այն՝ ասում են՝ այսքան պատմություն ունի տվյալ կուսակցությունն, ու սկսում են վաճառել: Դրա համար մեր քաղաքական դաշտը չի կայանում: Այսօր 79 կուսակցություն ունենք, որոնց մի մասը պատրաստ է հաջորդ օրն արդեն լուծարվել, եթե նրանց լիդերին առաջարկեն որեւէ դաշինքով դառնալ պատգամավոր, այսինքն՝ կարող է իր կուսակցությունը զոհաբերել՝ հանուն պատգամավոր դառնալու համար»: Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ընդդիմադիրների այն ելույթներին, որտեղ նշվում է, որ մեկ գիշերում 7000 անձ դարձել է ՀՀԿ-ական: Նա կոչ արեց սեփական թվաքանակն ավելացնել, ու ոչ թե տաքսիներով պտտվել ու կարծիքներ լսել, այլ մտնել մարդկանց մեջ ու իրական տեսակետ լսել իրենց՝ ընդդիմադիրների մասին. «Կամ անտարբերություն է, կամ հայհոյանք է՝ երկուսն էլ բավականին վտանգավոր են: Տաքսիներում ընտրություն չեն կազմակերպում»: Ըստ նրա՝ յուրաքանչյուր կուսակցություն պետք է զբաղվի իր հեղինակության բարձրացմամբ, այլ ոչ թե դեսպանատների պատերի տակ կամ որեւէ մեծ կուսակցության հետ ալյանս կազմելով՝ ձգտի դառնալ պատգամավոր. «Ուրիշին շանտաժի ենթարկելով, ուրիշին վարկաբեկելով կամ պրովոկացիաներով կարողանալ իրենց իմիջը բարձրացնել, որ ինչ-որ մի տաքուկ տեղ գտնեն իրենց ապաստանը»: Եզրափակիչ ելույթ պետք է հանդես գար Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, սակայն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առարկեց, որ վարման կարգով ինքն իրավունք ունի արտահայտվելու: ԱԺ Գալուստ Սահակյանը հորդորեց քվեարկությունից առաջ խոսել, սակայն պատգամավորը պնդեց իր խոսքը: «Լավ, ձեր անվանի խոսքն ասեք»,-արձագանքեց Գալուստ Սահակյանը: «Շնորհակալություն, իրավունքս վերականգնելու համար: Ուզում եմ, որ հանրությունն իմանա, որ խոսքը ոչ թե Հ2-ի, այլ Հանրային հեռուստատեսության մասին է, որտեղ արդեն ունենք փոփոխություններ, ու ոչ ադեկվատ ու կողմնակալ մարդիկ տեղափոխվել են այլ աշխատանքի»,- հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը: