Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է՝ մեկ օրում էլ լքեն Հանրապետական կուսակցությունը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
lernik

Ինչու Սերժ Սարգսյանը մրցակից չուներ Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում և ընտրվեց միաձայն՝ բաց քվեարկությամբ: Արդյոք դա չի՞ խոսում ներկուսակցական ժողովրդավարության բացակայության մասին: «Նման խնդիրները լուծվում են մինչև կուսակցության համագումարը: Դա կլիներ, եթե Հանրապետական կուսակցության մեջ մի ուժ ձևավորվեր, որը այդպիսի հավակնություն կունենար: Բայց դա տեղի չունեցավ»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա գնահատմամբ՝ կուսակցության համագումարում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել. «Այնպիսին էր, ինչպիսին որ պիտի լիներ»: Լեռնիկ Ալեքսանյանը տարօրինակ չի համարում նաև մեկ գիշերվա ընթացքում 7000 անձի անդամակցության հանգամանքը ՀՀԿ-ին: Այդպիսի դեպք էլի է արձանագրվել անկախ Հայաստանում, երբ Վազգեն Սարգսյանը դարձավ կուսակցական: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը տեղեկություններ ունի, որ զանգվածային կերպով ՀՀԿ-ին անդամակցած քաղաքացիները եղել են Գազպրոմի աշխատակիցներ. «Նրանց վրա ճնշումներ են եղել: Հնարավոր է՝ մեկ օրում էլ այդքան մարդ լքի Հանրապետական կուսակցությունը»: Նրա դիտարկմամբ՝ Սերժ Սարգսյանի հնչեցրած տնտեսական ցուցանիշները հեռու են իրականությունից. «Քաղաքացին տեսնում է այդ ելույթը և համեմատում իր կեցության վիճակը, նրա համար ընկալելի չէ այդ տարբերությունը»: Մինչդեռ Լեռնիկ Ալեքսանյանը գտնում է՝ տնտեսական բարվոք ցուցանիշներ հնչեցնելն ունի օբյեկտիվ հիմք. «Երկիրը բավականին լավ վիճակում է գտնվում, եթե համեմատում ենք իննսունականների հետ, երբ համեմատում ենք եվրոպականի հետ, բացասական տարբերությունը հասկանալի է»: Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարին չխոսեց կոռուպցիայի, արտագաղթի, աղքատության մասին: Այդ ցուցանիշները նրա նախագահ դառնալուց հետո ավելի են վատթարացել: Լեռնիկ Ալեքսանյանը մեկնաբանում է. «Դուք լսե՞լ եք նախագահից, որ երկիրը գտնվում է շատ լավ վիճակում: Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ կոռուպցիա չկա»: Կուսակցություններն արդեն իսկ պատրաստվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Էդգար Առաքելյանի դիտարկմամբ՝ նախընտրական կոալիցիաներն արդյունավետ չեն գործում, և իրենք չեն քննարկում դաշինքով մասնակցելու հնարավորությունը. «Ընտրություններից հետո ընտրողների ձայնը մշտապես փոշիացվել է: Պետք է  կուսակցությունները միավորվեն, դառնան մեկ կուսակցություն, այդ դեպքում միավորումն արդարացված կլինի»: