Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սարիթաղցիների դատական գործերն առանց հիմնավորման հետաձգվում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
sari-tax-1

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանների հետ բախման արդյունքում կալանավորված 9 քաղաքացիներից 4-ի դատական գործերն արդեն 6 անգամ հետաձգվել են, 2-ինը՝ հետաձգվել  է 2 անգամ, մեկ անգամ էլ հետաձգվել  է 3 կալանավորվածների դատը։ Եւս 3-4 քաղաքացի գտնվում է հետախուզման մեջ։  Կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գործով որեւէ տուժած ոստիկան չկա եւ 9 կալանավորված տղաներից որեւէ մեկի հանդեպ առերեսման ժամանակ բողոք չի եղել։ Նրա խոսքերով, բախման պատճառը եղել է Սարի թաղի կոմունալ ծառայությունների՝ գազի,  ջրամատակարարման եւ էլեկտրամատակարարման  վերականգնումը եւ տրանսպորտային միջոցների վերագործարկումը։ «Ես ուզում եմ արդարադատության նախարարի ուշադրությունը հրավիրեմ դատավոր Աննա Դանիբեկյանի գործողություններին։ Ժամը 4-ին նիստ է լինում, մի հարց են տալիս դատավորին, դատավորը գնում է մտածելու ժամուկես, գալիս է ասում է՝ մերժում ենք, ու դատը էլի հետաձգվում  է 1 ամիս։ Եթե գոնե մի անգամ նորմալ նիստ արվի, կպարզվի՝ տղաները մեղավոր են, թե չէ»,-ասաց նա։ Կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կնոջ՝ Լալա Բեռնեցյանի դիտարկմամբ դատավորը երբեք չի հիմնավորում, թե ինչի համար է հետաձգում դատերը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Հրայր Իսախանյանի փաստաբան Գրիշա Բալասանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել, որ իր պաշտպանյալը հիվանդ է տուբերկուլյոզով՝ բաց բակտերիայով, եւ միջնորդել է թեկուզ գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին, մինչդեռ այդ միջնորդությունը եւս դատավորը մերժել է։ Կալանավորվածներին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն։ Ավելին՝ տեսանյութով