Լևոն Զուրաբյանը փորձել, սակայն չի հասկացել Գալուստ Սահակյանին (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ապշած է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած մտքերից: Գալուստ Սահակյանը Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո հակադարձել էր, թե ժամանակին ՀՀՇ-ն ցանկանում էր հող հանձնել, ինչպես նաեւ՝ հայտարարեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը միայն ՀԱԿ հարազատը չէ՝ նա «մեր ազգային ամբողջ ըմբռնումների մեջ եղել է»: «Չեմ կարծում՝ նրա խոսքը հնարավոր է հասկանալ ու ընկալել. նրա արած այդ արտահայտությունը փորձեցի հասկանալ, սակայն ապարդյուն. ես միշտ սովոր եմ հակառակորդին հարգել: Փորձում եմ լրջություն փնտրել ու հասկանալ այդ խոսքերը: Մի քանի տարբերակով փորձեցի վերծանել այն, բայց չստացվեց: Համենայնդեպս ես հասկանում եմ, որ ինքը՝ Գալուստ Սահակյանը, մեր ազգային ըմբռնումների մեջ չկա, քանի որ նրա ասածներն ըմբռնել ընդհանրապես հնարավոր չէ»: Ըստ այդմ՝ պարոն Զուրաբյանը երկմտանքի մեջ է՝ Գալուստ Սահակյանի խոսքերին լուրջ վերաբերվի՞, թե՞ ոչ, երբ խոսքը ԼՂ հակամարտության մասին է. «Մենք տեսել ենք ՀՀԿ վարած քաղաքականությունը, տեսել ենք՝ ինչքան ավելի վատ դիրքերի վրա են հայտնվել ՀՀ եւ ԼՂՀ դիրքորոշումները: Հիմա չգիտեմ՝ ինչի՞ համար ենք պայքար տանում, սակայն դրանք շատ ավելի թույլ դիրքորոշումներ են, շատ ավելի վատ վիճակում է գտնվում բանակցային գործընթացը, քան գտնվում էր 1990-ականներին: Իսկ այդ տարիներին Ադրբեջանը պատրաստ էր ու արդեն համաձայնությունը տվել էր խաղաղ կարգավորման գործընթացին, քանի որ ՀՀ-ն բանակցում էր ուժեղի դիրքից: Այսօր թելադրողը Ադրբեջանն է:Հուսով եմ՝ կհասկանա ինձ Գալուստ Սահակյանը»: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հող հանձնելու վերաբերյալ գնահատականներին, Լեւոն Զուրաբյանը դրանք աբսուրդ համարեց. «Եթե հայոց պատմության տեսանկյունից նայենք, վերջին հազարամյակում երեւի առաջին անգամն է, որ ՀՀ-ն, հայերը ոչ թե հող են հանձնում, այլ հող ձեռք են բերել: Հմուտ քաղաքական գործիչներն ունեն խաղաղ բառապաշար, նրանք խոսում են խաղաղության մասին, կարգավորման մասին, իսկ ընթացքում տարածքներ են վերցնում: Այս տիպի ազգային ըմբռնումների մեջ գտնվող գործիչների դեպքում կատարվում է լրիվ հակառակը, այսինքն՝ նման ռազմատենչ հայտարարություններ են անում անհաշտ դիրքերից, իսկ գործընթացը տանում պարտություն ու հանձնում»: