ՀՀ սահմանը հատած քաղաքացիների անձնական տվյալները փոխանցվել են Ռուսաստանին (տեսանյութ)
Կան բավականին հիմնավոր կասկածներ առ այն, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայկական կողմի թողտվությամբ անարգել հասանելիություն ունի ՀՀ սահմանը հատող բոլոր քաղաքացիների անձնական տվյալներին: Այս մասին «Մեդիա կենտրոնում» դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: 2006 թվականից գործածվել է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը: Այդ համակարգը իրենից ներկայացնում է շտեմարան, ուր զետեղված են Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերը հատած քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների մասին տվյալները: Խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ այս տարվա օգոստոսին ՀՀ-ում ծառայող ամերիկացի դիվանագետների անձնագրերի սքանների արտահոսք. «Այդ ժամանակ մենք բացահայտեցինք, որ Հայաստանի ՍԷԿՏ համակարգից օգտվելու իրավունք ունի նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը», - ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ զորքերը գտնվում են Հայաստանում, ծառայություն են իրականացնում Մեղրիի անցակետում եւ հայ-թուրքական սահմանին համաձայն 1992 թվականին կնքված «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրի: «Հատկանշական է, որ համաձայն այդ պայմանագրի՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահները չպետք է ծառայություն իրականացնեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, սակայն անում են: Եվ սա ոչ մի կերպ կարգավորված չէ», - հավելեց նա: Նրա խոսքով, ԱԱԾ պատասխանից պարզ է դառնում, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությանը տրամադրել են ՍԷԿՏ-ից օգտվելու հասանելիություն: «Այլ կերպ ասած, ՀՀ ԱԱԾ-ի թույլտվությամբ ՌԴ ԱԴԾ-ն ունի Հայաստանի սահմանը հատած բոլոր անձանց մասին բոլոր տեղեկությունները՝ ո՞վ է հատել, ե՞րբ է հատել, ո՞ր անցակետն ու ո՞ր ուղղությամբ է հատել, ի՞նչ տրանսպորտային միջոցով և ու՞մ հետ է հատել», - ասաց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ սա անթույլատրելի է: «Մեծ հաշվով, այս խնդիրը շատ լուրջ է, ավելի շատ քաղաքական հարթության վրա է, քան իրավական: Սա մեզ վերադարձնում է սեպտեմբերի 3-ի իրավիճակին, երբ երկրի ղեկավարությունն իր որոշումը կայացրեց և երկիրը տարավ դեպի ԵՏՄ: Բնական է, որ դրանից բխող հազար ու մի պաշտոնական համաձայնագրեր կարող են կնքվել: Դրանով մենք մեր սուվերենությունը, փաստորեն, գնալով տալիս ենք այն պետությանը, որը համարվում է ստրատեգիական պարտնյոր, բայց իրականում մեզ վերադարձնում է դեպի կայսրություն»,- ասաց Աշոտ Մելիքյանը` հավելելով, որ համաձայն օրենքի կամ պայմանագրի անհրաժեշտության դեպքում անձնական տվյալներն այլ պետությանը փոխանցելը մեկ բան է, իսկ այլ պետությանը թույլատրել անարգել օգտվել «քո տվյալներից բազայից»՝ ընդհանրապես այլ: «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքն ունի հետևյալ դրույթը՝ կարող են փոխանցվել, եթե այդ պետությունում տվյալները պաշտպանված են բավարար մակարդակով: Բայց օգոստոսին մենք տեսանք, որ «սքանավորված» անձնագրերը հայտնվեցին: Ռուսաստանում դա, համենայն դեպս, չհերքվեց… Մենք փորձել ենք ԱԱԾ-ից պարզել՝ միայն մուտքագրելու, թե տեղեկություններ կարդալու իրավունք ունեն, ԱԱԾ-ից պատասխանեցին, որ իրավունք ունեն օգտվել այդ համակարգից: Իսկ կառավարության տերմինալոգիայով օգտվելը ենթադրում է և՛ մուտքագրել, և՛ կարդալ», - եզրափակեց Դանիել Իոաննիսյանը: Քննարկման ամբողջական տեսագրությունը՝ ստորև