Այնպես դիմեք կնոջը, որ նա չմերժի. Ջոն Բեյթսը՝ հայ պաշտոնյաներին
Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխություններով կներմուծվի նոր՝ քննիչ հանձնաժողով: Այն լինելու է ընդդիմության հիմնական գործիքակազմը՝ վերահսկողական գործառույթ իրականացնելու համար։ «Իմ բնորոշմամբ՝ ԱԺ կանոնակարգ օրենքը ընդդիմության համար գրված փաստաթուղթ է»,- նշում է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համատեղ անցկացրած խորհրդարանական լսումներին միջազգային փորձագետները չթաքցրին դժգոհությունը։ «Թարգմանության պատճառով կարդացել եմ Կանոնակարգի միայն առաջին երեք գլուխը ու ստիպված եմ մեկնաբանություն տալ: Այսինքն, հիմա անում եմ մի բան, որ իրավաբանը երբեք չէր անի, սակայն կյանքն է ստիպում»,- ընդգծեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ փորձագետ պրոֆեսոր Սեյնթ Ջոն Բեյթսը: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտողություններից մեկը վերաբերում էր ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատանքներին: Որպեսզի պատգամավորներն ու գերատեսչությունների պատասխանատուները մասնակցեն հանձնաժողովների աշխատանքներին, Կանոնակարգում պետք է նշվի՝ ոչ թե հրավիրվում են, այլ պարտավոր են ներկա լինել արտահայտությունը: «Դա նման է նրան, որ ես հրավիրեմ գրավիչ մի տիկնոջ բար՝ մի բան խմելու, եւ նա մերժի ինձ՝ ասելով, որ դուք տհաճ, կարճահասակ մեկն եք: Այսինքն, պետք է օգտագործել բառեր, արտահայտություններ, ու բացառվի մերժման տարբերակը»,- մեկնաբանեց Սեյնթ Ջոն Բեյթսը: ԱԺ Կանոնակարգի փոփոխությունների հեղինակները պատրաստ են նաեւ համագործակցել, խորհրդակցել ՀԿ-երի հետ, սակայն ոչ թե քաղաքական հարցերի, այլ Կանոնակարգի բովանդակության շուրջ: