Թեյի միջազգային օրը՝ Հյուսիսային պողոտայում. լուսանկարներ

«Թեյ ըմպելու մշակույթը մեզ մոտ գնալով առաջընթաց է ապրում: Թեյատեսակների պահանջարկ կա, ես ինքս թեյերի հավաքածու ունեմ և իմ առօրյայի անբաժան մասն է կազմում այն: Այս փոքրիկ նախաձեռնությունն էլ ուղղված է նրան, որ քաղաքացիներին ևս մեկ անգամ իրազեկենք թեյի օգտակարության մասին»,- Ա1+ի հետ զրույցում ասաց տաք ըմպելիքներ վաճառող Արմեն Մուրադյանը:
Հյուսիսային պողոտայի ամանորյա տրամադրությանը գումարվել էր թեյի տաք և անուշ բույրը, իսկ պատճառը թեյի միջազգային օրն է:
Ամեն տարի` դեկտեմբերի 15-ին, աշխարհի տարբեր երկրներում նշվում է Թեյի միջազգային օրը. 2004 թվականին տեղի ունեցավ Համաշխարհային սոցիալական ֆորում Հնդկաստանի Մումբայ քաղաքում, որտեղ որոշում կայացվեց դեկտեմբերի 15-ը հռչակել «Թեյի միջազգային օր»:
Վաճառասեղանների մոտ հավաքված երիտասարդներից փորձեցինք ճշտել՝ տեղյա՞կ են արդյոք, թե այսօր ինչ օր է, պարզվեց շատերը տեղում են իմացել: «Ես սուրճ էի ցանկանում գնել, բայց տեղեկացա, որ թեյի միջազգային օրվան նվիրված թեյ են հյուրասիրում և որոշեցի առիթից օգտվել»,-ասաց մի աղջիկ:
Այլ վաճառասեղաններում ևս ամենավաճառվող ըմպելիքը թեյն է, որից հետո սուրճի տեսակներն են: Գները բավական մատչելի են, քաղաքացիներից շատերի գրպաններին՝ հարմար: Հյուրասիրություն իրականացնող այլ մարդիկ ևս կային:
Այս միջոցառման նպատակն է ամբողջ աշխարհում կառավարությունների և հանրության ուշադրությունը հրավիրել թեյի առևտրի խնդիրների, թեյի արտադրության և թեյ աճեցնողների վրա: