ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՁմռան նախաշեմին գյումրեցի 100 անօթեւան ընտանիք կանգնած է ժամանակավոր կացարանից զրկվելու վտանգի առաջ։ Ներկա պահին ընտանիքները բնակվում են Շիրակ հյուրանոցի հետնամասի տնակային ավանում։ Տնտեսական դատարանի վճռով անվճարունակ ճանաչված Շիրակշին կազմակերպության 715 միլիոն դրամ պարտքը մարելու համար աճուրդի են հանվել Շիրակշինի հաշվեկշռում գտնվող նրանց տնակները: Տնակների աճուրդը նշանակված է եղել հոկտեմբերի 11-ին: Սակայն չի կայացել՝ հայտատուի բացակայության պատճառով։
Անկախ փորձագետի գնահատմամբ` տնակներից յուրաքանչյուրը գնահատված է 2 միլիոն 100 հազար դրամ: 400 քառակուսի մետրանոց տնակներից յուրաքանչյուրում բնակվում է 5 ընտանիք, ուստի ամեն ընտանիք մոտ 500 հազար դրամ վճարելու դեպքում կդառնա սեփականատեր: Նման գումար ընտանիքներից ոչ մեկը չի կարող վճարել եւ գնել վաղուց դարն ապրած ու փտած տնակը։
Փողոցում հայտնվելու հեռանկարից հուսահատ բնակիչները դիմել են hանրապետության ամենաբարձր ատյաններին։ Արձագանքել է միայն Շիրակի մարզպետարանը: Կառույցը բնակիչներին տեղեկացրել է իր անճարակության մասին։
Շիրակշինի լուծարային կառավարչի կարծիքով միակ ելքն այն է, որ աճուրդից աճուրդ գնորդ չլինելու դեպքում տնակների գինն ընկնի 20 տոկոսով եւ բնակիչներն իրենք հնարավորություն ունենան գնել իրենց կացարանները:
Արմենուհի Մինասյան
Գյումրի