Կեղծ տվյալների համար՝ նոր պատժաչափեր (տեսանյութ)
Կառավարությունում այսօր հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի նոր խմբագրություն, ինչի արդյունքում հստակեցվում են հանցագործության եղանակները: Մասնավորապես, առաջարկվել է սահմանել հանցագործության հետևյալ եղանակները՝ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը, հարկման հիմք հանդիսացող փաստաթուղթը չներկայացնելը վարչական պատասխանատվության միջոցով, հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելը: Նախագծով վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասում խոշոր չափի նվազագույն շեմը, արդյունքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի փոխարեն առաջարկվել է սահմանել նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը : Նախագծով առաջարկվել է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի նպատակը՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելը: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրինագիծը միանշանակ ուղղված է գործարար միջավայրի առավել բարելավմանը: «Այս նախագիծը նրանց հետ տևական ժամանակ քննարկվել է, և նրանց մտահոգությունները զգալիորեն փարատում է»,-ասել է նախարարը: