Իրանի հետ հուշագիր է ստորագրվել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի հետ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, այդ նպատակով մշակված իրավական կառուցակարգերը: Կարևորվել է արդյունավետ փոխգործակցությունը` մասնավորապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեր և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության առանձնահատկությունների վերաբերյալ փորձի փոխանակման, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում: Ի կատարումն Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի` պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստորագրել համագործակցության երկամյա ծրագիր, որի շրջանակներում երկուստեք կարևորված վերոնշյալ հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն համատեղ միջոցառումներ, քննարկումներ: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ Արդարադատության իշխանության առաջին տեղակալ պարոն Ղոլամհոսեին Մոհսենի Էժեիի, ԻԻՀ դատական իշխանության սոցիալական և հանցագործությունների կանխարգելման հարցերով տեղակալ Մոհամադ Բաղեր Օլֆաթի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը ընդգծել են հանցավորության դեմ պայքարում, քրեական գործերի քննության ընթացքում համագործակցության կարևորությունը` քրեորեն արգելված արարքներ թույլ տված անձանց պատժի անխուսափելությունն ապահովելու, մարդու իրավունքներն պաշտպանելու ուղղությամբ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ` նախանշելով համագործակցությունը զարգացնելու մի շարք նոր ուղղություններ: ՀՀ ՔԿ նախագահի աշխատանքային այցը Թեհրան շարունակվում է: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին