Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ գիտնականը ռազմաարդյունաբերության ոլորտում կարող է ավելին անել» (տեսանյութ)

Քաղաքականություն
samvel-harutyunyan

Ռազմաարդյունաբերության ոլորտում մեր գիտնականները կարող է լուծել ցանկացած բարդ խնդիր, եթե ուղղորդված պատվերներ լինեն: Վստահեցնում է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Չնայած նա վստահեցնում է, որ այդ ոլորտում գիտնականներն աշխատում են, բայց  պատվերները ամենեւին չեն  օգտագործում հայ գիտնականների ամբողջ պոտենցիալը. «Պետպատվերով ծրագրեր լինում են, բայց այն ծավալներով չէ, որ ես կուզեի: Մենք ավելի շատ հարցեր կարող էինք լուծել: Այս ոլորտում ֆինանսավորվող ծրագրերը վերաբերում են զինվորների կենցաղային պայմանների բարելավմանը, ինժեներատեխնիկական, ռազմատեխնիկական բազմաթիվ խնդիրների լուծմանը»: Ամփոփելով նախորդ տարին՝ Սամվել Հարությունյանը նշեց, որ  2016 թվականին պետական բյուջեից Գիտության պետական կոմիտեին հատկացվել է 14.2 միլիարդ դրամ:  2017 թվականի այդ գումարն ավելացել է  0,8 տոկոս. «Գիտության ոլորտն այն եզակի ոլորտներից է, որը պետության բյուջեի հետ համընթաց աճում է նաեւ մեր բյուջեն»: «Ա1+»-ի հարցին, թե վարչապետի հանձնարարականից հետո, որով պետք է բոլոր կառույցները օպտիմալացնեին իրենց աշխատանքները, ի՞նչ  փոփոխություններ են կատարվել Գիտության պետական կոմիտեում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մեր հաստիքակազմը 39 հոգի էր, 4 հոգով կրճատել ենք, 35 ենք դարձել, բայց սա շատ փոքր թիվ է: ԳՊԿ –ի վրա ահռելի լիազորություններ են դրված, մենք ավելի շատ լիազորություններ ունենք, քան որոշ նախարարություններ ու անել դրանք այսպիսի փոքր թվով անհնար է: ԳԱԱ-ի կազմը մեզնից մի քանի անգամ ավել է, բայց աշխատանքի ծավալը մեր եւ իրենց՝ անհամեմատելի է»,- նշեց նա ու հավելեց, որ դիմելու է վարչապետին հաստիքակազմը կրկին ավելացնելու համար: