Հովհաննես Գաբուզյանը Հայաստանի ֆենոմենալ չեմպիոնն է
Շախմատի Հայաստանի տղամարդկանց թվով 77-րդ առաջնության վերջին տուրը վերածվեց իսկական «արմագեդոնի»:
Վերջին, 9-րդ տուրից առաջ, չեմպիոնի կոչմանը հավակնում էին հինգ շախմատիստներ, որոնք վաստակել էին 4,5-ական միավոր:
Առաջինը պայքարից դուրս մնաց Արման Փաշիկյանը, որը սպիտակներով պարտվեց Սամվել Տեր-Սահակյանին: Ապա իր լիազորությունը վայր դրեց գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը, որը անչափ դիտարժան պարտիայում զիջեց Հովհաննես Գաբուզյանին: Վերջինս այդ հաղթանակից հետո դարձավ միանձնյա առաջատար:
Ի վերջո, հենց Հովհաննես Գաբուզյանն էլ գրավեց առաջին տեղը, քանի որ չեմպիոնի կոչման մյուս երկու թեկնածուները՝ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը, ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ եւ կես միավորով ետ մնացին: Նրանք բաժանեցին 2-3-րդ տեղերը:
Ի դեպ, Հովհաննես Գաբուզյանը մրցաշարի առաջին հինգ տուրերից հետո 1,5 միավորով պարզապես եզրափակում էր մրցաշարային աղյուսակը, սակայն մնացած 4 տուրերում տանելով անընդմեջ հաղթանակներ, առաջին անգամ հռչակվեց հանրապետության չեմպիոն:
Երիտասարդ գրոսմայստերն «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում ահա այսպես բացատրեց իր աննախադեպ, ֆենոմենալ հաղթանակը:
«Առաջնությունը մեծ ակնկալիքներով սկսեցի, սակայն երբ երեք պարտություն կրեցի եւ հայտնվեցի վերջին հորիզոնականում, մի տեսակ հանգստացա եւ ձերբազատվեցի ներքին լարվածությունից: Սկսեցի պարզապես շախմատ խաղալ: Վերջին տուրում կրկին որոշակի լարվածություն կար, բայց դա արդեն առաջվանը չէր: Բարեբախտաբար, կարողացա չորրորդ անընմեջ հաղթանակը տանել, ինչ համար անչափ ուրախ եմ», - ասաց Հովհաննես Գաբուզյանը:
[caption id="attachment_1514922" align="alignnone" width="500"]
The champion of the 77th Armenian Chess Championship among men is Hovhannes Gabuzyan[/caption]