Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիայի հարցում դոփում ենք տեղում. Վարուժան Հոկտանյան (տեսանյութ)

Հասարակություն
korupcia

Հայաստանի Կոռուպցիայի  ընկալման համաթիվը նախորդ տարի  33 է եղել, իսկ 2015 թ-ին՝   35:  «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը  մտահոգիչ է համարում  այս թիվը եւ նշում, որ մենք դոփում ենք տեղում: «Երբ ունենք այսպիսի համաթիվ, սա ենթադրում է համակարգային կոռուպցիայի առկայություն: Իսկ համակարգային կոռուպցիայի առկայություն նշանակում է կոռուպցիոն բուրգի առկայություն: Այդ շղթան ներքեւից գնում է վերեւ: Եւ եթե միջինից բարձր օղակի ես դուրս հանում,  ամենավերեւը չգնալով, ոչինչ  չի փոխվի»,- ասաց Վարուժան Հոկտանյանը «Մեդիա Կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ։ Նա այսօր ներկայացնում էր «Կոռուպցիայի ընկալման համաթվի 2016 թ. արդյունքները» : Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը: 2016թ. այս տարածաշրջանի երկրներից Կոսովոն եւ Բելառուսը առաջ անցան Հայաստանից: Այսօր Վարուժան Հոկտանյանն  անդրադարձավ նաեւ Հայաստանում ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին: Նրա խոսքերով՝ խորհուրդներով խնդիր չի լուծվի, անհրաժեշտ է քաղաքական կամք: Վարուժան Հոկտանյանը չի կարծում, որ դատավորներ ձերբակալելուց պետք է սկսել կոռուպցիայի դեմ պայքարը: «Ասել մարդկանց, որ մի եղեք հանդուրժող, բայց իշխանությունները շարունակեն թալանել բյուջեն, կաշառք վերցնել եւ նման այլ գործերով զբաղվել: Քարոզել, որ մի եղեք հանդուրժող, գնացեք եւ հայտնեք,  մի քիչ «Հազար ու մի գիշեր»-ի հեքիաթներին է նման: Պետք է սկսել կանխարգելման եւ պատժի գործընթացներից»,- հայտարարեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը: Քաղաքական կամքը, ըստ Վարուժան Հոկտանյանի, կայանում է նրանում, որ հասկանան՝ այսպես շարունակել չի կարելի: