Փետրվարին Ծաղկաձորում կանցկացվի դահուկասպորտի հուշամրցաշար
Հայաստանի դահուկային ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը ցավով է հիշում խորհրդային տարիները: «Այն ժամանակ բոլոր դպրոցները ապահովված էին դահուկներով, ձմռանը հատուկ դասաժամեր էին տրամադրում դահուկասպորտին: ԽՍՀՄ փլուզումից հետո դա հիմնովին վերացավ»: Սակայն նախկին դահուկորդը լավատես է եւ հույս ունի, որ տարեցտարի Հայաստանում կավելանա դահուկասպորտով զբաղվողների թիվը: «Մենք պայմանավորվածություն ունենք Նորվեգիայի դահուկային ֆեդերացիայի հետ, որը մեզ տրմադրելու է դահուկներ եւ օգնելու է զարգացնել հանրապետությունում դահուկավազքը: Լեռնադահուկային սպորտի հարցով համագործակցում ենք Ավստրիայի ֆեդերացիայի հետ: Նպատակ ենք դրել Աշոցքի մարզում կառուցել այնպիսի դահուկուղի, որը ընդունվի միջազգային ֆեդերացիայի կողմից եւ այնտեղ կարողանանք անցկացնել միջազգային մրցումներ: Լեռնադահուկային սպորտի զարգացման համար լավ պայմաններ ունենք Ծաղկաձորում, Ապարանում եւ վանաձորում», - ասաց նա: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Գագիկ Սարգսյանը նշեց, որ մեր դահուկորդներն այժմ պատրաստվում են աշխարհի առաջնություններին: «Լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը կկայանա փետրվարի 7-18-ը, Շվեյցարիայում: Մասնակցելու ենք 2 մարզիկով: Դահուկավազքի առաջնությունում մենք կներկայանանք 5 հոգով` 3 տղա եւ 2 աղջիկ: Այն կկայանա փետրվարի 23-ից մինչեւ մարտի 5-ը, Ֆինլանդիայում», - նշեց Գագիկ Սարգսյանը: Փետրվարի 25-26-ը Ծաղկաձորում կանցկացվի Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախկին նախագահ, երջանկահիշատակ Արմեն Երիցյանի անվան դահուկասպորտի անդրանիկ հուշամրցաշարը: Փետրվարի 27-ից մարտի 3-ը տեղի կունենա Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջնությունը, որն այս տարվանից գրանցվել է միջազգային ֆեդերացիայի օրացույցում եւ վարկանշային միավորներ կտա մեր լեռնադահուկորդներին: