Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2016 թ. Հայաստան է եկել 1 259 657 զբոսաշրջիկ

Հասարակություն
unnamed-55

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում 2016թ. իրականացված  աշխատանքներն ու 2017թ. ծրագրերը: Ներկայացվածներից մի քանիսը ստորև. Երևանի քաղաքապետի օգնականը նկատել է, որ ըստ պետական վիճակագրական ծառայության տվյալների` 2016 թ. Հայաստան է եկել 1 259 657 զբոսաշրջիկ, որոնք առնվազն մեկ օր անցկացրել են Երևանում: Զբոսաշրջիկների հիմնական ներհոսք է նկատվել հատկապես Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցի և մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարության օրերին։ Անդրադառնալով տուրիզմի բաժնի կողմից կարևորվող 2017թ. համար նախանշված ծրագրերին և աշխատանքներին՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ներկայացրել է դրանցից թիրախայինները: «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից կարևորվում է  Երևանի կենդանաբանական այգու արդիականացման ծրագիրը, նկատվում է այցելուների մեծ ակտիվություն: 2016թ. Կենդանաբանական այգին ունեցել է 320.000 այցելու, ինչը գերազանցում է 2015թ. ցուցանիշը:  Ծրագրի նպատակն է տարածաշրջանում ունենալ մրցունակ ենթակառուցվածք: Երևանը զբոսաշրջիկների համար գրավիչ ու հետաքրքիր վայր դարձնելու մյուս ծրագրերից է «Վերնիսաժի» վերակառուցումը և արդիականացումը: Տրանսպորտային խնդրից բացի, առաջիկայում համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Երևանի կենտրոնում կտեղադրվի նաև 6-7 բիոզուգարան: Զուգահեռաբար, Երևանի կենտրոնում տեղակայված սրճարանների սեփականատերերի հետ բանակցություններ են տարվում՝ իրենց տարածքում առկա զուգարանները զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու ուղղությամբ: