Ռեստորաններում հնչող երաժշտությունն արտոնված չէ (տեսանյութ)
2016 թ-ին Հայաստանի ընդհանուր իրավասության դատարաններ 93 հազար 699 դիմում է ներկայացվել, որոնցից միայն 11-ն են վերաբերել մտավոր սեփականության եւ հարակից իրավունքների խախտման դեպքերին։ Վարույթ ընդունված 86 633-ից միայն 8-ն է վերաբերել մտավոր սեփականության եւ հարակից իրավունքներին։ Այս գործերից որեւէ մեկը չի բավարարվել։ «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության ՀԿ գլխավոր տնօրեն Սուսաննա Ներսիսյանի խոսքերով, վերջին տարիներին իրենք գերադասում են խաղաղ ճանապարհով լուծել ծագած խնդիրները։ «Երբ գործը հասնում է դատարան, դատավորը հարց է բարձրացնում, թե ինչու հեղինակը անհատապես չի դիմում դատարան։ Սա արդեն տեղեկատվության պակաս է, քանի որ բոլոր երկրներում գիտեն, որ կա կառույց, որը ներկայացնում է հեղինակների շահերը։ Սովորաբար վճիռը լինում է սուբյեկտիվ»։ Նրա դիտարկմամբ՝ չի կարելի ասել, որ անօրինականությունը համատարած է, քանի որ իրենք աշխատում են 500-ից ավելի կազմակերպությունների հետ, որոնց ցանկում են թատրոնները, եթեր հեռարձակող կազմակերպությունները, համերգասրահները։ «Շատ վատ վիճակում են ռեստորանները, որոնք օգտագործում են երաժշտություն՝ առանց դրա թույլտվությունն ունենալու։ Բանն այն է, որ ցանկացած երաժշտություն, որ իրենք օգտագործում են, լինի տեղական, թե արտասահմանյան հեղինակի՝ պետք է համապատասխան թույլտվություն ունենա։ Ցավում եմ, բայց ամեն անգամ, երբ նոր ռեստորան է բացվում, մենք դիմում ենք ռեստորանի ադմինիստրացիային, սակայն իրավիճակն առանձնապես չի փոխվում, ռեստորաններն այս առումով ամենավատ վիճակում են»։