ԴԱԲՐՈՆ ԵՂԱՎ. ՄՆԱՑ 10 ՏՈԿՈՍԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր համաձայնություն է տվել OTE կորպորացիային սեփականության իրավունքով պատկանող «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնեմասը ռուսաստանյան «Վիմպելկոմ» ընկերությանը վաճառելու գործարքին` եզրակացությամբ, որ այդ չի հակասում Հայաստանի պետական շահերին:
«Վիմպելկոմի» լիազոր ներկայացուցիչ Օլեգ Բլիզնյուկը, որը ամենայն հավանականությամբ կդառնա «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը, գոհունակություն է հայտնել գործարքի առթիվ եւ ասել, որ իրենք մեծ ծրագրեր ունեն Հայաստանում, որոնց իրականացման համար պատրաստ են բավական լուրջ ներդրումներ կատարել, Հայաստան բերել նորագույն տեխնոլոգիաներ եւ մատուցել որակյալ ծառայություն:
Անդրադառնալով սակագներին`«Վիմպելկոմի» ներկայացուցիչը ասել է իրենք ամենեւին նպատակ չունեն սակագների բարձրացման միջոցով հավելյալ շահույթ ստանալ: Ըստ նրա` «Վիմպելկոմը»-ը նաեւ դեմ է ու կարծում է, որ չպետք է մենաշնորհ լինի:
Հիշեցնենք, որ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր, մենաշնորհային իրավունքներից հրաժարվելու դեպքում` կառավարություն պատրաստ է նաեւ «Վիմպելկոմը»-ին վաճառել իր 10 տոկոս բաժնեմասը:
Ի դեպ, «Վիպելկոմը» OTE-ին «ԱրմենՏելի»-ի 90 տոկոս բաժնետոմսերի համար վճարելու է 341 միլիոն 888 հազար եվրո: