2016թ.-ին ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը հասել է 338-ի. ՀՔԱՎ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2016 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի ամփոփ պատկերը՝ ըստ զանգվածային լրատվության միջոցների: Դեպքերը հավաքագրելու նպատակով մշտադիտարկվել է 14 առցանց լրատվամիջոց և ՀՀ Հատուկ քննչական ծառայության ու Ոստիկանության պաշտոնական կայքէջերը: Արձանագրված դեպքերը բաժանվել են երեք պայմանական խմբի` անհատական բնույթի դեպքեր, հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու արդյունքում տեղի ունեցած դեպքեր և ահազանգեր (տեղեկատվությունը խախտման մասին հոդվածում ներկայացվում է երրորդ անձի (անձանց) կողմից): Համաձայն ուսումնասիրության՝ 2016-ին ավելացել է ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը՝ հասնելով 338-ի, այնպես էլ մարդու իրավունքների խախտումների ընդհանուր թիվը: Ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին առավելապես խախտվել են հավաքների ազատության, անձնական ազատության և անձեռնմխելիության և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները, որոնց խախտումների թիվը 2016-ին շեշտակի աճել է: Ավելացել է նաև այն դեպքերի թիվը, որոնց արդյունքում միաժամանակ խախտվել է երկուսից ավելի մարդու իրավունք: Անդրադարձ է կատարվել համանման իրավիճակներում Ոստիկանության անկանխատեսելի և խտրական գործողություններին, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքագծին՝ քննարկելով առանձին դեպքեր: Մանրամասները՝ զեկույցում