Էջմիածնում կոյուղին «ուշքի է գալիս»
Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայի ու հարակից տարածքների բնակիչները նոր-նոր թեթեւացած շունչ են քաշում. վերջին ամիսների կոյուղաջրերի գրոհը հաջողվեց հետ մղել: Ըստ Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արեւմուտք» շահագործման տնօրենի տեղակալ Էդգար Հայրապետյանի՝ հունվարից ավելացել էին կոյուղու խցանումների վերաբերյալ բողոքները՝ հասնելով օրական 30-35-ի: Էջմիածնի համար սա շատ մեծ քանակ է: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քաղաքի զգալի մասում կոյուղատարները լցված են «մինչեւ պռունկ»: Ավելին, որոշ տեղերում կոյուղաջրերը կոյուղագծերից դուրս են հորդել բակեր, իսկ մի տեղ նույնիսկ լցվել են բակում կառուցված լուղավազանը: Իրավիճակը շտկելու համար արագորեն գործի անցավ Վեոլիա Ջրի համապատասխան ծառայությունը: Մասնագետներ ու տեխնիկա ուղարկվեց նաեւ Երեւանից: Դիտահոր առ դիտահոր մաքրվեցին փողոցների կոյուղագծերը, խցանումները հանվեցին հատուկ փչող մեքենայի օգնությամբ, ճամանապարհ ազատվեց ու կեղտաջրերն ընթացան առաջ: Մի քանի օր՝ եւ կոյուղաջրերի մակարդակը կոյուղիներում իջավ: Բնականաբար, մարդկանց կրքերն էլ հանդարտվեցին: Հիմա նրանք մի խնդրանք-պահանջ ունեն ջրամատակարարին. շարունակել այս ոգով, թույլ չտալ իրավիճակի կրկնություն: Անշուշտ, այդպես էլ կլինի: Վեոլիա Ջուրը եկել է մնալու ու առկա խնդիրները շարունակաբար լուծելու տրամադրությամբ: Բայց ահա ընդհանուր ճանապարհի երկրորդ մասը պետք է անցնեն նույն բնակիչները, որոնց բացասական դերը կոյուղիների խցանման մեջ ակնհայտ է: Տեսախցիկների առաջ էջմիածնեցիները անթաքույց բողոքում էին հարեւաններից, որոնցից շատերի համար կոյուղատարը որպես աղբատար է ծառայում, այստեղից բխող բոլոր հետեւանքներով: Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն