«Ոչ թե քաղաքական, այլ իրավական գնահատական՝ հաց բերողի մահվան առնչությամբ»
Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը կոնկրետ իրավական քննության առարկա պետք է դառնա: «Խնդիրն այս պահից սկսած՝ հաշվի առնելով եւ հարազատների վիշտը, եւ հասարակական հետաքրքրությունը, կարծում եմ՝ պետք է խոսենք բացառապես իրավական հարթության մեջ, որպեսզի ավելորդ խնդիրներ, հուզականություն չավելացնենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Հատկապես, իմ կարծիքով, քննության առարկա դառնա այն խնդիրը, թե Արթուր Սարգսյանն ինչպիսի բժշկական օգնություն է ստացել, ոչ միայն ազատության մեջ գտնվելու պարագայում, այլեւ անազատության պայմաններում, արդյոք բժշկական միջամտությունը ադեկվա՞տ է եղել նրա ունեցած առողջական խնդիրների հետ եւ պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերե՞լ են, թե ոչ: Այդ թվում՝ նրա ունեցած հիվանդությունները հնարավորություն տվե՞լ են, որպեսզի նա անազատության պայմաններում կալանք կրի, եւ այս վերջին վիրահատության հետ կապված պետք է քննության առարկա դառնա՝ դա անհրաժե՞շտ էր, թե ոչ, հետբուժական ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվել»,- ընդգծեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Արթուր Սարգսյանի մահվան մեջ հասարակական լայն շրջանակները մեղադրում են իշխանություններին՝ նշելով՝ հաց բերողի մահը նրանց խղճի վրա է: «Քանի որ ինքս երկար տարիներ, գիտեք, աշխատել եմ այդ մարմիններում, այդպիսի հայտարարություններից այս պահին ձեռնպահ կմնայի, սակայն եւս մեկ անգամ պնդում եմ, որ այս դեպքում պետք է մանրակրկիտ քննություն կատարվի բոլոր խնդիրների հետ կապված»,- կարծում է Գագիկ Ջհանգիրյանը: Իշխանությունները խուսափում են Արթուր Սարգսյանի մահը քաղաքական հարթության մեջ քննարկել, եւ կոչ են անում քարոզարշավին մասնակից բոլոր ուժերին եւս չքաղաքականացնել ու որպես իրենց քարոզչության նյութ չդարձնել նրա մահը: «Պետք է համբերություն ունենանք, որ սկսված գործընթացն ավարտվի: Կողմնակից ենք, որ բազմակողմանի քննություն ընթանա»,- վստահեցնում է Հովհաննես Սահակյանը: Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար հարուցվել է քրեական գործ, սակայն դա վստահություն չի ներշնչում բազմաթիվ մարդկանց, որոնք շարունակում են բողոքի ակցիաներն ու ընդվզումները: