«Իրանցիները Հայաստան են գալիս իրենց հագուստները նետելու, շոփինգի համար» (տեսանյութ)
2016 թ-ին Հայաստանում նկատվել է 5,7 տոկոս զբոսաշրջության աճ: Այդ աճի 31 տոկոսը բաժին է ընկնում իրանցի զբոսաշրջիկներին: Հայկական կողմն էլ միջոցներ է ձեռնարկում իրանցիներին առավել հյուրընկալ դիմավորելու համար: Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանի խոսքերով՝ Երեւանի մի շարք վայրերում տեղադրվել են պաստառներ, որոնց վրա հայերեն եւ պարսկերեն գրված են «Բարի գալուստ Երեւան», «Շնորհավոր Ձեր Ամանորը»: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարինե Զեյթունցյանն ասում է, իրանցիները Հայաստան են գալիս իրենց ավելի ազատ զգալու, իրենց վրայից իրենց հագուստները նետելու, շոփինգ անելու համար, սակայն նաեւ հետաքրքրվում են տեսարժան վայրերով»: Գաղտնիք չէ, որ սպասարկման շատ ոլորտներում հաճախ փորձում են գերշահույթ ստանալ՝ օգտագործելով զբոսաշրջիկների՝ հայաստանյան գներից անտեղյակությունը։ Ինչպես խուսափել խաբված լինելուց. Զարինե Զեյթունցյանն ընդգծում է՝ այստեղ վարչական մեխանիզմներ չեն կարող լինել: «Տեղեկացվածության պակաս կա: Երբ ես ինքս գնում եմ ցանկացած երկիր, անպայման մտնում եմ ինտերնետ եւ անպայման նայում եմ, թե այդ երկրում օդանավակայանից քաղաք ինչ արժե տրանսպորտը»: Միջինում իրանցիների համար Հայաստանում 5 օրվա զբոսաշրջային փաթեթները 2 անձի համար տատանվում են 300-400 դոլարի սահմաններում։