Պետությունը չունի աղքատությունը հաղթահարելու խնդիր. ՀՀ-ում աշխատունակ 11 հոգուց 2-ը գործազուրկ է (տեսանյութ)
Հայաստանում աշխատունակ 11 քաղաքացուց 2-ը գործազուրկ է: իսկ ավելի քան 19 հազար երիտասարդ այսօր ակտիվ փնտրում և չի գտնում աշխատանք։ «Կիրակի» հաղորդաշարի այս շաբաթվա թեման գործազրկությունն է Հայաստանում։ 2016 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով ՝ Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության ավելի քան 18%-ը՝ շուրջ 227 հազար քաղաքացի, գործազուրկ է: Կառավարության կողմից հաստատվել է 2014- 2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարություն, ըստ որի նպատակ էր դրվում 2025թ. զբաղվածության ցուցանիշը հասցնել 71%-ի, իսկ գործազրկությունը նվազեցնել մինչեւ 10%: Սակայն ցուցանիշներից երեւում է, որ ռազմավարությամբ նախատեսված մակարդակն առայժմ չի հաջողվում ապահովել։ 2016թ. զբաղվածության մակարդակը պետք է հասներ 60%-ի, սակայն այն կազմել է ընդամենը 50%: Ավելին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականին չի իրականացնի մարզերում նախատեսված սոցիալական ծրագրերը՝ կառավարությունը չի հաստատել սեզոնային, ժամանակավոր, երկարաժամկետ, տարբեր աջակցության ծրագրեր, որոնցով գործազուրկների առնվազն 25 տոկոսը աշխատանք էր գտնում։ Ինչ պոտենցիալ ունի մեր երկիրը, որ չի օգտագործվում, արդյո՞ք պետությունը միտումնավոր չի հաղթահարում աղքատությունը։ Հաղորդման հյուրերն են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը։ Ռեպորտաժներ՝ երբեմնի արդյունաբերական քաղաքներից՝ Չարենցավանից ու Գյումրուց։