Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաղաղության հասնելու գործնական մեթոդները հանրությանն անհասկանալի էին»

Քաղաքականություն
Armenpress1

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կանխատեսմամբ՝ հետընտրական գործընթաց չի լինի, քանի որ 9 ուժերից, այդ թվում այն ուժերից, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը՝ միայն մեկն է, որ հանդես է եկել արդյունքների նկատմամբ անվստահությամբ։ Մյուսները ընդունել են արդյունքները, թեկուզ իրենց լռությամբ։ Ըստ նրա՝ ՀՀԿ-ի նման առավելությունը օրինաչափ էր։ «ՀՀԿ-ն որպես կառավարող քաղաքական ուժ` ուներ որոշակի առավելություններ եւ որոշակի անհարմարություններ ընտրությունների ընթացքում։ Այդ ուժը պետք է պատասխան տար երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ Արցախյան չլուծված հարցերի համար։ Չնայած դրան, այս ուժը կարողացավ ընտրություններում թռիչքային առավելություն ունենալ 2-րդ տեղը զբաղեցրած ուժից, քանի որ կիրառեց արդյունավետ եւ ճկուն քաղաքական տեխնոլոգիաներ։ Հսկայական ազդեցություն ունեցան վարչապետի եւ կառավարության փոփոխությունը, հարկային եւ մաքսային բարեփոխությունները»։ Միաժամանակ, ըստ նրա՝ ՀՀԿ-ի քարոզարշավի գլուխ կանգնեցին նոր դեմքեր, որոնք կարողացան նոր ձեւով ներկայացվել կուսկացությունը։ «Երրորդ առավելությունն այն էր, որ ՀՀԿ-ն կարողացավ արդյունավետ օգտագործել համամասնական ցուցակների եւ ռեյտինգայինների ներդաշնակությունը։ Տեղամասերում ՀՀԿ-ին հսկայական ձայն բերեցին պետական գործիչներ, գործարարներ, մարդիկ, ովքեր կարիք չունեին ձայներ բերել լցոնումներով,  նրանք հայտնի էին իրենց գործունեության ոլորտում, 2-3 ռեյտինգային թեկնածու ավելի շատ ձայներ բերեցին ՀՀԿ-ին, քան հավաքել էր մի ամբողջ քաղաքական ուժ»։ Քաղաքագետի դիտարկմամբ, անակնկալ էր, որ «Հայկական վերածնունդը» եւ «Կոնգրես -ՀԺԿ» դաշինքը չեն հաղթահարել անցողիկ շեմը։ «Հայկական վերածնունդը»  լուրջ ռեսուրս ուներ, բայց ցանկացած քաղաքական ուժի մոտ լինում են վերելքի եւ վայրէջքի շրջաններ, 2017-ն համընկավ այդ ուժի իմիջի անկման հետ։ Ինչ վերաբերում է «Կոնգրես- ՀԺԿ» դաշինքին՝ նա նշեց, որ Լեւոն Տեր- Պետրոսյանը օրակարգ էր բերել ԼՂՀ հարցը խաղաղությամբ լուծելը. «Սակայն այս ուժի պարտությունից ելնելով, չի կարելի ասել, որ պարտություն կրեց նաեւ խաղաղության թեզը։ Քարոզարշավի ընթացքում որեւէ քաղաքական ուժ ռազմատենչ քարոզչությամբ աչքի չի ընկել։ Խնդիրն այն է՝ արդյոք հնարավոր է խաղաղության ձեռքբերումը հենց այս պահին եւ հենց հիմա, եւ ինչ միջոցներով։ Ցանկությունից հետո դրան հասնելու գործնական մեթոդները հանրությանն անհասկանալի էին»։