Համակարգի զոհի կարգավիճակում կատարեցին իրենց ընտրությունը. քաղաքագետ (տեսանյութ)
Հանրապետական կուսակցությանը ձայն տված ավելի քան 700 000 քաղաքացիները հավատարիմ մնացին հայտնի սկզբունքին. «Ամեն ազգ արժանի է իր թագավորին, և ամեն թագավոր արժանի է իր ազգին»,- ասում է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ։ Թատերական գործիչը չի մասնակցել ընտրություններին, քանի որ չի ուզում մասնակցել իմիտացիայի։ Իր բնորոշմամբ՝ Հանրապետական կուսակցությունը վերարտադրվելու ձևերը լավ է սերտել։ «Գտնում են մարդկանց խաբելու ձևը, փող տալով, մեքենաների վրա ձեռքերով են տանում։ Է թող ժողովուրդը չգնա դրա հետևից»,- ասում է Նիկոլայ Ծատուրյանը։ Հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը ժողովրդին չի մեղադրի։ Նրանք կաշառքով չեն ձայն տվել ՀՀԿ-ին, ավելին՝ մասնակիցն են եղել մեծ գործի։ «25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում արդար ընտրություններ են եղել»,- ասում է նա։ Չի կիսում տեսակետը, թե ընտրություններից հետո արտագաղթի տեմպերը կուժեղանան։ Իր ասածը կհիմնավորի այսպես՝ մարդիկ լավատես են շնորհիվ իշխանության նոր դեմքերի։ «Եկել է մի պահ, երբ ժողովուրդը սկսել է հարգել, ընդհուպ մինչև սիրել սեփական կառավարությանը»,- կարծում է Մերուժան Տեր-Գուլանյանը։ Ապրիլի 2-ին կատարվածին ազատ ու արդար բնորոշում տվողներն ընդամենը իշխանության դեմքն են փորձում մաքրել։ Ընտրական պրոցեսն իշխանության խաղն էր, որից խույս տալ չհաջողվեց։ «Մարդիկ, որոնք ըստ բնորոշման կատարեցին իրենց ընտրությունը, պարզապես համակարգի զոհի կարգավիճակում այո կատարեցին իրենց ընտրությունը, բայց իրենց փոխարեն համակարգն արդեն ընտրությունը կատարել էր, իրենք ուղղակի գումարի դիմաց ամբողջացրին այդ ընտրությունը»,- նշում է քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։ Գումարի դիմաց ընտրություն կատարողների վրա պետք չէ հարձակվել։ Գրագետ ու փող չվերցնող ընտրազանգված ունենալու համար պետք է առաջին տեղ գա գիտելիքը։ «Մեզ պետք է կրթական համակարգը ոտքից գլուխ փոխել։ Պիտի լինի իրավագիտակից, կրթված և բարեկեցիկ մարդ»,- ասում է քաղաքագետը։ Խորհրդարան չանցած ուժերը պետք է իրենք իրենց հարց տան՝ ի՞նչ աշխատանք են տարել ընտրողների հետ՝ քաղաքացիական գիտակցություն սերմանելու համար։ «Իրականում իրենք իրենց խնդիրն են լուծում։ Շատ ուժեր կան, որ բացատրական աշխատանք են տանում, բայց դա չափի մեջ է, այսինքն՝ իրական նպատակը մարդուց քվե վերցնելն է, ոչ թե երկարաժամկետ իր կրթությամբ զբաղվելը։ Իրավագիտակից քաղաքացի ձևավորելու համար քաղաքական ուժերն ունեն ևս հինգ տարի։ Իսկ որպեսզի սերմը պտուղ տա, պետք է մտածել իշխանության ներդրած համակարգ փոխելու մասին։