Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶՊԵՏԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՀՊԱՐՏԱՆԱԼ

Մարզեր

Արարատի մարզում շարունակում է օրակարգում մնալ խմելու ջրի խնդիրը: Մարզպետ Ալիկ Սարգսյանն ասում է, որ որ 2007-09թթ. համար այդ ուղղությամբ արդեն ծրագրել են լայնածավալ աշխատանքներ:

«Մարզպետարանի ֆինանսավորմամբ նախատեսել ենք 1 կմ 300 մետր հատվածով ներքին ցանցով խմելու ջրագիծ անցկացնել, սակայն դա միայն խնդրի մի մասը կարող է լուծել»,- նշում է Ալիկ Սարգսյանը:

Իսկ ամբողջ ջրամատակարարման աշխատանքն ավարտին հասցնելու համար եւ ժամանակ, եւ ֆինանսական մեծ միջոցներ են հարկավոր:

Ջրից բացի մարզի որոշ համայնքներ զրկված են նաեւ գազից ու հեռախոսակապից: Ալիկ Սարգսյանն այս խնդիրների շուրջ չցանկացավ խոսել, քանի որ այդ հարցերը լուծելու համար աշխատանքներն, իր հավաստմամբ, արդեն ընթացքի մեջ են:

Նա չժխտեց, որ բացի նշված խնդիրներից մարզում այլ հիմնահարցեր եւս կան, սակայն դրանք, մարզպետի հավաստմամբ, չեն վրիպում իրենց աչքից, եւ իրենք հետեւողական աշխատանքներ տանում են դրանց ուղղությամբ:

Ընդհանրապես, Արարատի մարզպետը նախընտրում է ավելի շատ խոսել մարզի ձեռքբերումներից ու առաջընթացից: Նրա բնորոշմամբ, անցնող տարին Արարատի մարզի համար բավականին բարեհաջող էր, քանի որ «պետությունն է հարյուր տոկոսով կատարել իր պարտականությունները մարզի նկատմամբ»: Ուրախանալու այլ առիթներ էլ են եղել:

Այս տարի մարզի փախստականներից շատերը բնակարանամուտ են տոնել. նրանցից շատերի համար իրենց՝ սեփականաշնորհված հողերում Փախստականների Նորվեգական գրասենյակի եւ մարզպետարանի համատեղ ջանքերով կառուցվել են փոքրիկ տնակներ:

«Շուրջ 700 ընտանիքների կարողացել ենք ապահովել բնակարաններով: Նրանց համար հատկացվել է երկու՝ երեք հարկանի բնակելի շենք՝ մեկն ամբողջովին վերանորոգված ու բարեկարգված, մյուսը՝ նորկառույց է»,- հպարտանում է մարզպետը:

Իսկ օրերս էլ վերաբացվել է Արտաշատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզը: Այն նորոգվել եւ կահավորվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեի ֆինանսական աջակցությամբ:

Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների համար ներդրվել է շուրջ 168 հազար ԱՄՆ դոլար: 39 հազար ԱՄՆ դոլարը ներդրել է Արարատի մարզպետարանը: