Լեւոն Արոնյանը անպարտելի է Գերմանիայում
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը գերազանց հանդես եկավ Գերմանիայում կայացած «Գրենկե Չեսս Կլասիկ» միջազգային մրցաշարում: Այսօր կայացած վերջին 7-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Լեւոն Արոնյանը չնայած ժամանակից շուտ ճանաչվել էր մրցաշարի հաղթող, սակայն կրկին մարտական էր տրամադրված եւ փորձեց հերթական միավորը վաստակել: Խաղի ընթացքում մեր շախմատիստը դիրքային եւ նյութական մեծ առավելություն ստացավ, սակայն մի պահ հապաղեց եւ մրցակցին թույլ տվեց հակագրոհ կազմակերպել: Արդյունքում, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 2-րդ համարը փորձեց թագուհով պայքարել երկու նավակների դեմ, բայց՝ ապարդյուն: Պարտիայի 61-րդ քայլում Լեւոն Արոնյանը մրցակցին ստիպեց խաղաղ դաշն կնքել: Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 5,5 միավորով եւ մեծ առավելությամբ զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդող Ֆիաբիանո Կարուանան ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը բավարարվեցին 4-ական միավորով: Այս հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը 15,3 կետով բարելավեց իր վարկանիշային միավորները եւ ՖԻԴԵ-ի աղյուսակում 9-րդ տեղից բարձրացավ 6-րդ հորիզոնական: