Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայ վարսավիրն ապրում է դժվար կյանքով (տեսանյութ)

Հասարակություն
varsavir-nkar

10 ամիս և 1500 կիլոմետր։ Հալեպահայ Րաֆֆի Սիմոնյանին ընտանիքից հենց այդքան է բաժանում. «Իրենց հոս գալը դյուրին է, հարցը գալը չէ, հարցը հոս ի՞նչ պիտի աշխատեն, մի քիչ դժվար է»։ Րաֆֆին Սիրիայում թողել է ծնողներին եւ երեք եղբայրներին՝ իրենց ընտանիքներով։ Հայաստանում ապրելը նրա  համար դժվար է։   «Ուտել, խմելն է, տան վարձ, խանութի վարձ, հարկային, սրանք պիտի ապահովենք ամենից առաջ։ Դժվար է, հեշտ բան չկա։ Նյութական գետնի վրա նորեն զրո ենք, բայց ժամանակ է գալու, ամեն ինչ լավ կլինի»։ Հայաստանում երկու ամիս գործ է փնտրել, բայց  երբ տեսել է  Մետրոյի Հանրապետության հրապարակում վարձով տրվող կրպակը, որոշել է  իր  գործը սկսել։  «Հարկային դաշտ մտել ենք, կվճարենք, բայց երբ որ առաջարկեցինք մեզ 6 ամիս 1 տարի թույլ տվեք ազատ աշխատել, պիտի մտածեն, պատասխան տան։ Մենք, որ պատերազմից ենք եկել,մի քիչ ցաված ենք եկել, Հայաստանի կառավարության համար թիվ չէ 6 ամսով 21 000 դրամը»,- ասում է Րաֆֆին։ Նա համաձայն չէ մյուս սիրիահայերի հետ, թե Հայաստանում համատարած թանկություն է։ Բայց և պնդում է՝ եթե սննդամթերքի գներն իր համար տանելի են, այլ է հագուստի պարագան։  «Հոս թանկ է, որովհետև այնտեղ՝ Սիրիա մենք ֆաբրիկաներ ունենք ջինսի կամ շապիկի, Հայաստան դեռ չկա այդ մեկը։ Օրինակ՝ Չինաստանում ջինսե տաբատը 4 դոլլար է, 2500 դրամ, մինչև Հայաստանում ժողովրդի ձեռքն է անցնում դառնում է 8500-10000 դրամ։ Եթե սփյուռքահայերը գան այստեղ ֆաբրիկաներ բացեն, Չինաստանի նման այստեղ 4 դոլարով տաբատներ կվաճառվեն»։ Ընտանիքի կարոտը Րաֆֆին առնում է հալեպահայերի հետ հանդիպումներով։ Տեսնվում են աշխատանքից հետո՝ թեյի սեղանի շուրջ։ Հայաստանում ապրող բոլոր սիրիահայերի սիրտը տրոփում է Հալեպից տեղեկությունների սպասելով։  Խոսում է եղբոր ու մոր հետ։  «Վիճակը վատ է, ջուր չկա, հոսանք չկա, սղություն է, գործ չկա։ Դժվարության չափեր կա՝ տանելի և անտանելի, Սիրիայի պարագայում հիմա պատերազմ է, անտանելի է մի քիչ, դժվար է, կյանքը, ապրուստը շատ դժվար է»։ Կյանքն այստեղ ինչպես էլ որ դասավորվի, Րաֆֆին ապագան Հայաստանի հետ է կապում։ Դա իր վաղուցվա երազանքն է. «1999 թվին Հայաստան այցելության էի եկել, և այն ժամանակ էի որոշել այստեղ տեղափոխվել։ Բայց կալվածքների պատճառով, ուզում էի վաճառել, հարցը կախվեց, վերջն ստիպողական եկանք»։ Հայաստանի կառավարությունից մեկ այլ խնդրանք էլ ունի։ Սիրիահայերն այստեղ մեծամասամբ վարձով են մնում։ Կառավարությունից խնդրում է՝ իրենց հնարավորություն տալ արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերել։