Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉՈՐՍ ՀՈՒՇԱԴՐԱՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ

Տնտեսություն

Կենտրոնական Բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել չորս հուշադրամ:

Հուշադրամներից մեկը նվիրված է Շախմատի 37-րդ Օլիմպիադայում տղամարդկանց հավաքականի հաղթանակին: Հուշադրամը ոսկյա է, իսկ անվանական արժեքը՝ 10 հազար դրամ:

Բացի Շախմատի 37-րդ օլիմպիադայի պատկերանիշից, հուշադրամի եզրագծով նաեւ գրված են Հայաստանի թիմը ներկայացնող շախմատիստների անունները. «Ա. Մինասյան, Լ. Արոնյան, Վ. Հակոբյան, Կ. Ասրյան, Գ. Սարգսյան, Ս. Լպուտյան»: Հուշադրամն ունի նաեւ մակագրություն. «Ոսկե թիմ» եւ «Հայաստան»: Ի դեպ, 22մմ տրամաչափով հուշադրամից լինելու է ընդամենը հազար հատ:

Մյուս հուշադրամը նվիրված է Հակոբ Գյուրջինյանի ծննդյան 125-ամյակին: Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է Հ. Գյուրջյանի «Սալոմե» (1925-1926թթ., բրոնզ) քանդակը, որի աջ մասում ուղղահայաց մակագրված է հուշադրամի անվանական արժեքը «10000 ԴՐԱՄ»:

Իսկ հուշադրամի դարձերեսի մեջտեղի մասում ուղղանկունի ֆոնի վրա պատկերված է Հ. Գյուրջյանի դիմապատկերը, որի աջ մասում տեղադրված են նրա ծննդյան եւ մահվան տարեթվերը` 1881 եւ 1948: Հուշադրամի ձախ եւ աջ կողմի եզրաշրթով մակագրված է քանդակագործի անունը անգլերեն եւ հայերեն լեզուներով` «HAKOB GURJIAN» եւ «ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ»: Այս հուշադրամի տրամագիծը եւ տպաքանակը նախորդ հուշադրամի նման է:

Հազար դրամ անվանական արժեքով, սակայն արծաթե հուշադրամը նվիրված է մարշալ Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակի մեջտեղի մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

Հուշադրամի դարձերեսի ներքին շրջանակում պատկերված է մարշալ Համազասպ Բաբաջանյանը` իր զինվորական համազգեստով: Այս հուշադրամի չափերն ավելի մեծ են՝ 38մմ., իսկ տպաքանակը 500 հատ:

Այսօր շրջանառության մեջ դրված վերջին հուշադրամը նվիրված է Ժան Գառզուի ծննդյան 100-ամյակին: Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է Ժ. Գառզույի «Վանք» լիտոգրաֆիան, 1981թ., որի ներքեւի մասում մակագրված է հուշադրամի անվանական արժեքը «10000 ԴՐԱՄ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Ժ. Գառզուի դիմանկարը, որի վերեւի եւ աջ մասում նկարչի անվան մակագրությունն է հայերեն լեզվով` «Ժան Գառզու»: Այս հուշադրամի տրամագիծը եւս 22մմ. է, իսկ տպաքանակը հազար հատ: Ի դեպ, բոլոր հուշադրամները հատվել են Չեխիայի դրամահատարանում: