«Минута славы» շոուի հաղթող հայ եղբայրները սպասում են Երեւանի կրկեսի բացմանը (տեսանյութ)
Ռուսաստանի առաջին ալիքով անցկացվող «Минута славы» շոու ծրագրի հաղթողներ, հայաստանցի կրկեսային ակրոբատներ Գեւորգ եւ Անդրանիկ Վարդանյան եղբայրները, այդ հաջողության մեջ բոլորից շատ կարեւորում են հոգեբանական բավարարվածությունը: «Այդ շոուին մասնակցեցինք մի նպատակի համար՝ որ հանրությունը տեղյակ լինի, որ կան հայ արտիստներ, որոնք հանդես են գալիս կրկեսում: Շոուի ֆինանսական կողմը մեզ բոլորովին չէր հետաքրքրում, քանի որ մենք աշխատում են Մոսկվայի ամենահայտնի կրկեսներից մեկում եւ նյութապես ապահովված ենք», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասացին Վարդանյան եղբայրները: Նրանք ծնվել են Երեւանում, կրկեսային ակրոբատիկայով զբաղվել են 4 տարեկանից, իրենց հորեղբոր՝ Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ: Հայոց բանակում ծառայելուց հետո Վարդանյան եղբայրները մեկնել են Ռուսաստան եւ աշխատել նախ Մոսկվայի ռուս-հայկական, ապա Գիյա Էրաձեի ղեկավարած թագավորական կրկեսում: Այս հաղթանակից հետո շնորհալի եղբայները ունեն եւս մեկ երազանք՝ կապված իրենց մասնագիտության հետ: Նրանք ցանկանում են մասնակցել Մոնտե Կառլոյում անցկացվող կրկեսային փառատոնին: Եղբայրների երկրորդ երազանքը կապված է Հայաստանի հետ: «Մենք սպասում ենք, որ մեր կրկեսը կբացվի եւ մեզ կհրավիրեն դրա բացմանը: Մեծ հաճույքով կգանք: Դա կախված է մեր պետությունից ու հայ ազգից, որոնք պետք է ցանկանան բացման արարողությանը տեսնել ոչ թե կրկեսի արտասահմանցի արտիստների, այլ ամբողջ աշխարհում սփռված հայ տաղանդավոր մարդկանց», - նշեց Վարդանյան եղբայրներից կրտսերը՝ Անդրանիկը: