Շվեդիայում ՀՀ քաղաքացու մահվան գործը կհասնի Եվրադատարան
Շվեդիայի դատախազությունը հանցակազմի բացակայության հիմքով կարճել է շվեդ ոստիկանների անգործության հետեւանքով մահացած Դավիթ Բարսեղյանի քրեական գործը: Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների փաստաբան Մարկ Սաֆարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ նման որոշումն անակնկալ չէր, եւ իրենք չեն պատրաստվում համակերպվել նման որոշման հետ: «Մենք արդեն հայցով ներկայացել ենք քաղաքացիական դատարան, բայց քանի որ ակնհայտ ոտնձգություն է կատարվել անձի հանդեպ, եւ ոստիկանության բացթողումն է մահվան բերել, մենք ինքներս ենք քրեական գործ հարուցելու ոստիկանության դեմ: Այսինքն՝ հիմա ե՛ւ քրեական, ե՛ւ քաղաքացիական գործը մնացել է մեր ուսերին, քանի որ դատախազը չի տեսել քրեական գործ հարուցելու կարիք»,- ասաց փաստաբանը: Նրա դիտարկմամբ, ինչպես Դավիթ Սաֆարյանի մահվան, այնպես էլ այդ փաստով հարուցված քրեական գործերը կարճվել են ոստիկանության անգործության հետեւանքով: «Ոստիկանության արդարացումը իսկական ցինիզմի է հասնում: Մարդը ինսուլտ է ստանում՝ մահամերձ վիճակում թեւերից բռնած՝ քաշելով տանում են ոստիկանական խուց եւ թողնում են բախտի հույսին»: Փաստաբանի կարծիքով, գործը կարճելու պատճառը սկանդալից խուսափելն ու երկրի հեղինակությունը պահելն է, սակայն իրենք մտադիր են գործը հասցնել մինչեւ Եվրոպական դատարան: «Մարդուն կյանքից զրկելը քրեորեն պատժելի հանցանք է, անկախ նրանից՝ դա կատարվում է անհատների կողմից, թե պետության»: Մարկ Սաֆարյանի խոսքերով, ՀՀ կառավարությունը եւս այս գործում անելիք ունի. «Օտար երկրում ոստիկանության հանցավոր վերաբերմունքի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել, այս հանցավոր վերաբերմունքն արժանի է ամենաբարձր քննադատության՝ ամենաբարձր մակարդակով»: Հիշեցնենք, ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանը որպես զբոսաշրջիկ մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան նա զբոսնելիս է եղել ընկերների հետ, երբ ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը եւ թույլ չեն տվել Դավիթին հասցնել հիվանդանոց, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես Դավիթին օգնություն չի տրամադրվել, նրան բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է: ՀՀ քաղաքացուն ոստիկանություն բերման ենթարկելու պատճառներն անհայտ են։