A
A
Շնորհավորական ուղերձ՝ Գուժ Մանուկյանին
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ:
«Դուք հայ թատերարվեստի երախտավորներից եք, հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողը, և Ձեր վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժևորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում և էկրանին:
Ձեր դերասանական արվեստն առանձնանում է բնատուր շնորհով, կերպարի անտեսանելի շերտերը թափանցելու և հանդիսատեսին փոխանցելու կարողությամբ: Խաղային ներշնչանքով և զգացմունքայնությամբ օժտված Ձեր կերպարները համոզիչ են, ազդեցիկ և խոսուն վկայությունն են Ձեր բարձր կատարողական վարպետության»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին:
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է.
«Շուրջ վեց տասնամյակ որպես հայ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, ինչպես նաեւ թատերական բեմադրությունների հեղինակ` ոչ միայն կերտում եք իսկական արվեստի գործեր, այլեւ Ձեր ստեղծած կերպարներով սնուցում մարդկային հույզերն ու հիշողությունները:
Այսօր էլ ողջունելի ու բարձր գնահատանքի արժանի եռանդով ու նվիրվածությամբ շարունակում եք արվեստագետի շնորհակալ գործունեությունը հայ թատրոնի բեմում եւ կինոյում»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, երկար տարիների կյանք եւ ամենայն բարիք: