«Ցայգը» նշում է ծննդյան օրը
Ուղիղ 26 տարի առաջ՝ 1991 թվականի մայիսի 10-ին, Գյումրիում հիմնադրվեց Կովկասյան տարածաշրջանի առաջին անկախ հեռուստաընկերությունը՝ «Ցայգը»: «Վստահեք Ցայգին» կարգախոսով այն մինչ օրս էլ քայլում է հավատարիմ լսարանի հետ: Հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում հասարակության գրեթե բոլոր շերտերին հետաքրքրող տարբեր ձեւաչափերի հեռուստանախագծեր՝ քաղաքականություն, մշակույթ, սոցիալական, հոգեւոր ոլորտներ: «Ցայգը» բոլորի եւ յուրաքանչյուրի համար է` գյումրեցիներինն է, ողջ Շիրակի մարզինը: Այսօր այն կայացած է, բոլոր քայլերը հաստատուն են եւ կշռադատված: «Ցայգն» այսօր էլ շարունակում է հավատարիմ մնալ ոչ միայն իր կարգախոսին, այլ նաեւ սկզբունքներին: Որդեգրած ձեռագիրն ու սկզբունքայնությունը, որ պահպանվում է մինչ օրս, հիմք են հանդիսացել այն վստահության ցուցանիշի, որն ունի հեռուստաընկերության լսարանը: Վարկանիշային աղյուսակում մշտապես ունեցած բարձր հորիզոնականներն ապացուցում են , որ «Ցայգը» մրցունակ է հանրապետական ու միջազգային ԶԼՄ-ների հետ: 24 ժամյա եթերն այսօր ապահովում է բազմաժանր ու բազմաբովանդակ հաղորդումներ, հավաստի ու օբյեկտիվ տեղեկատվություն, ստեղծում հարթակներ հեռուստադիտողների խնդիրների լուծման համար: Հեռուստաընկերության լսարանն այսօր չի սահմանափակվում միայն Շիրակի մարզի տարածքով: Մեր գործունեությունը հասանելի է ամբողջ հանրապետության ու Արցախի բնակչության համար: Մեզ կարող են հետեւել ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում: