Ընտրողների մի մասը ողջունել է, մյուսը՝ հիասթափվել ԵԼՔ-ի առաջարկից (տեսանյութ)
«Չի կարելի կեղծ ընդդիմադիրների հետ միավորվել»,- կարծում է ԵԼՔ դաշինքի անդամ Նարեկ Բաբայանը։ Նա հենց այդ գործոնով է բացատրում նախորդ անգամները ընդդիմադիր ուժերի չմիավորումը։ Նրա կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրությունների պարագայում ընդդիմադիր երկու ուժերը միմյանց չեն խանգարում, քանի որ արդեն իսկ պարզ է, որ երկուսն էլ տեղ են ունենալու ավագանիում։ Նարեկ Բաբայանը պնդում է՝ ընտրությունից հետո ընտրողներին 15000 դրամ տալու խոստումը նպատակ ունի միայն կանխելու կաշառքի բաժանումը։ Այս տեսակետը չի կիսում «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Տիգրան Պողոսյանը. «Դրա անունը ընտրակաշառք է, այլ անուն չի կարելի տալ։ Այս նախաձեռնությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Երկիր Ծիրանին և Ելք դաշինքը ունեն տարբեր գաղափարներ և չէին կարող միասնական ճակատով գնալ»։ Նարեկ Բաբայանը նշում է՝ իրենք տարբեր արձագանքներ է ստացել քաղաքացիներից՝ մի մասը ողջունել է, մյուսը՝ հիասթափվել։ Իսկ եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենային, չէին հրաժարվի 15000 դրամի նախաձեռնությունից։