«Թեկնածուների խոստումները հեռու են իրատեսականությունից» (տեսանյութ)
Տեղական ինքնակառավարման ոլորտի ամենաառաջին խնդիրը ապակենտրոնացման հարցն է։ Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դժգոհեց, որ հանրային ռեսուրսների 90 տոկոսից ավելին կենտրոնացված է կենտրոնական իշխանությունների ձեռքում։ Հետեւաբար, ըստ նրա, քարոզարշավի ընթացքում Երեւանի ավագանու թեկնածուների տված խոստումները հաճախ հեռու են իրատեսականությունից։ «Ցանկացած ընտրությունների ժամանակ խոստումները, բացի հանրային պատասխանատվությունից, որեւէ այլ պատասխանատվություն չեն առաջացնում։ Քաղաքական ուժերը երկնքից աստղեր էլ կարող են խոստանալ, սակայն այստեղ խնդիրը այդ խոստումների իրատեսականության հարցն է»։ Ըստ նրա՝ թեկնածուները փորձում են համապատասխան լինել մարդկանց կարիքներին։ Մարդիկ կարիք ունեն աշխատատեղի, դրա համար էլ քարոզարշավի ընթացքում ավագանու թեկնածուները դա են խոստանում։ «Սակայն դա իրատեսական չի, Երեւանը, թվում է, շատ մեծ եւ մեծ բյուջե ունի, սակայն իրականում Երեւանի լիազորությունները եւ ֆինասական ռեսուրսները սահմանափակ են։ Երբ ես նշում եմ, որ բոլոր համայնքների բյուջեներն ու հանարային ռեսուրսները 10 տոկոսից պակաս են՝ ես Երեւանը ներառյալ եմ նշում։ Այս իմաստով աշխատատեղեր խոստանալը տիպական չէ, սակայն տնտեսական զարգացմանը խթանել պետք է»։