Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծրագրերը կիրականացվեն, եթե Լևոն Ալթունյանը մնա նոր կառավարությունում (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-altunyan

ՀՀ Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով իրենց ծրագրերից, նշեց, որ սուղ միջոցներ ունեն, սակայն փորձում են մաքսիմալն անել։ Ըստ նրա` արդյունավետ աշխատանքի խանգարող հանգամանքը ստվերն է. «Ստվերի դեմ պայքարելու համար պետք է հայտարարենք իրական բուժման գինը ու կկազմենք իդեալական բյուջե»։  Նա անդրադարձավ բժշկական հաշտարարի համակարգի ներդրմանը. «Այս ծրագիրը ներդրված է մոտ 40 զարգացած երկրներում եւ կփորձենք այն կիրառել մեզանում։ Ես ուզում եմ ընկալենք, որ վարձատրությունը, որ վճարում են հիվանդները եւ պետբյուջեից բժիշկներին հատկացվող գումարները, պետք մոտիվացիա հանդիսանան բժշկի համար` լավագույնս վերաբերվի, լավ բուժի հիվանդին։  Նա առանձնացրեց առողջապահության ոլորտի հիմնական խնդիրները` ոչ բավարար ֆինանսավորումը, ոչ բավարար որակի ապահովումը։  Փոխնախարար Սամվել Մարգարյանն, անդրադառնալով առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը, նշեց, որ այն կազմում է 85 մլրդ դրամ. «Պետությունն ու բնակչությունը միասին առողջապահության ոլորտում ծախսում են 250 մլրդ դրամ։ Սա կարող ենք անուղղակի անվանել օպտիմալ առողջապահական բյուջե։ Մենք մանրամասն գույքագրել ենք առողջապահական յուրաքանչյուր ծախս եւ արել ենք 2,5 մլրդ դրամի խնայողություն։ Մեր նպատակը ֆինանսական մեխանիզմների թափանցիկության բարձրացումն է։ Ինչ նկատի ունենք` մասնավորապես պետպատվերի ճիշտ կիրառման համար մենք կիրականացնենք ոտքերով քվեարկության, այսինքն` մարդ որտեղ ուզի բուժվել, այնտեղ էլ կգնա` ընտրելով լավագույն բուժհիմնարկը։ Պետպատվերի համակարգը ըստ այդմ կբարելավվի, այլ ոչ թե հավասարաչափ գումարը կբաշխվի բոլոր հիվանդանոցների միջեւ` առավելագույնը կտրվի լավ հիվանդանոցին»։  Նրա հաշվարկներով` հիվանդանոցում 38 հազար դրամի շրջանակներում է ստացիոնար բուժումը, իսկ բուժհիմնարկների թիվը մոտ 135-ն է. «Այս համակարգումը կսկսենք պետաշխատողներից` իրենց սոցփաթեթներով, հետո զինվորականները, «Փարոս» խմբի անդամները։ Այս երեք խումբը կազմում է բնակչության 1/3 մասը։ Շուտով կլինի նաեւ պարտադիր ապահովագրության ծրագիրը»: Խոսելով առողջապահության ոլորտի ադմինիստրատիվ ծախսերից՝ պարոն Մարգարյանն ընդգծեց, որ կրճատման մահակը միշտ պետք է լինի, քանի որ ծախսերը ավելանալու եւ հետ գալու վատ սովորություն ունեն: Այս շաբաթ նոր ԱԺ ձեւավորմանը զուգահեռ Կառավարությունը հրաժարական կտա։ Արդյո՞ք նախարար Ալթունյանը կշարունակի պաշտոնավարել.  «Ես քաղաքական գործիչ չեմ, այլ ադմինիստրատիվ աշխատող եմ ինձ համարում։ Այս ութ ամսվա ընթացքում մենք բավականին ծրագրեր ենք նախանշել, որոնց արդյունքը կստանանք մի քանի տարուց։ Եթե որոշվի, որ աշխատելու եմ նոր Կառավարությունում, ապա այդ ծրագրերը կիրականացնենք, եթե ոչ, ապա ապահովագրության ոլորտ հաստատ չեմ վերադառնա. ունեմ մի քանի այլ ծրագրեր, որոնք չեմ մանրամասնի»: