«Չկան Հայաստանի իշխանություններ, կան ռուսական ցանցի գործակալներ» (տեսանյութ)
Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, իսկ մեզ մոտ հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի նշանակման առաջարկին` նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքերով՝ ներկայացուցչական մարմնի ղեկավար չի կարող լինել մարդ, ով հայտնի չէ իր քաղաքական գործունեությամբ: «Արա Բաբլոյանի նշանակելուց մեկ օր առաջ, եթե 100 հոգու անուն հարցնեին, դուք Արա Բաբլոյանի անունը կտայի՞ք, չէիք տա: Արա Բաբլոյանը շատ լավ բժիշկ է, շատ լավ կազմակերպիչ: Էությամբ բժիշկ է ինքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքերով՝ ամենասարսափելին, այն է, որ Սահմանադրությունը կեղծած մարդը՝ Սերժ Սարգսյանն է որոշումներ ընդունում: Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Հայաստանի այսպես կոչված իշխանությունները լուծում են մի խնդիր. ինչպես անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերը իրականություն դառնան: «Նրանք բոլորը մի խնդիր ունեն. այնպես անել, որ Հայաստանը ուժեղ չլինի, իսկ քաղաքացին զրկվի իր դերակատարությունից: «Չկան Հայաստանի իշխանություններ, կան ռուսական ցանցի գործակալներ: Գործընթացներով էլ Հայաստանը ոչնչացնելու քաղաքականություն է տարվում»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ-ն առաջիկայում փորձելու է բարձրացնել քաղաքացու դերակատարությունը եւ Սահմանադրական փոփոխությունների ճանապարհն ընտրել որպես ռազմավարական ուղի: