ԵԼՔ-ի առաջարկը չընդունվեց, Արա Բաբլոյանը խոստովանեց ու ներողություն խնդրեց
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստին այսօր Կնյազ Հասանովը հայտարարեց, որ այս պահին կընտրեն ԱԺ նախագահին ու փոխնախագահներին, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, մշտական հանձնաժողովները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը նման քննարկման չի մասնակցել ու առաջարկեց, որ դրվի քվեարկության` հանձնաժողովում յուրաքանչյուր խմբակցություն ունենա հավասար երկուական անդամ, այլ ոչ թե միայն Ելքն ու ՀՅԴ-ն մեկական անդամ։ Նրան արձագանքեցին ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովն ու Վահրամ Բաղդասարյանը։ Ելք դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը կոչ արեց լուջ վերաբերվել այս հարցին եւ առաջարկեց քննարկել ու հիմնավորել իրենց առաջարկածը, որ արդարացի լինի։ Քանի որ Կնյազ Հասանովն անփորձ էր նիստը նախագահելու համար, չէր տիրապետում ընթացակարգին, հաճախակի էր շփոթվում, ապա` ներողություն էր խնդրում պարբերաբար։ Ելք դաշինքի առաջարկը դրվեց քվեարկության։ ՀՀԿ-ն չքվեարկեց։ Առաջարկը չընդունվեց։ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմի համար առաջարկվեցին ՀՀԿ-ից 5 թեկնածու` Գագիկ Մելիքյան, Ռաֆիկ Գրիգորյան, Ռուզան Մուրադյան, Շիրակ Թորոսյան, Արայիկ Հարությունյան, Ծառուկյան դաշինքից` Արայիկ Աղաբաբյան, Շաքե Իսայան, Ելք դաշինքից` Լենա Նազարյան, ՀՅԴ-ից` Սուրեն Մանուկյան։ Հանձնաժողովի նոր կազմը դուրս եկավ անցկացնելու իրենց առաջին նիստը։ ԱԺ նախագահի ընտրության համար ՀՀԿ-ն առաջարկեց Արա Բաբլոյանի թեկնածությունը։ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով Արա Բաբլոյանի կենսագրությունը, նախ շնորհակալություն հայտնեց Գալուստ Սահակյանին` ասելով` կօգտագործեն նրա հարուստ փորձը. «Իսկ Արա Բաբլոյանի թեկնածությունն ընկալելի է թե ԱԺ, թե հանրության կողմից»։ Նիկոլ Փաշինյանը դաշինքի կողմից առաջադրել Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։ Երկու թեկնածուներից յուրաքանչյուրը հանդես եկավ ելույթով։ Նրանց ուղղվեցին հարցեր։ Արա Բաբլոյանից Ելք դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց` ինչպես է վերաբերվում պատգամավորների կողմից մեկը մյուսի փոխարեն քվեարկելուն. «Նաեւ ուզում եմ հասկանալ ձեր այն մեկնաբանությունը լրագրողին, թե մանկաբույժ եք ու գիտեք չարաճճիների հետ վարվելու ձեւը։ Սա՞ է ձեր վերաբերմունքը ԱԺ-ի նկատմամբ»։ Ի պատասխան Արա Բաբլոյանը հայտարարեց. «Էղել է դեպք, երբ ես եւս քվեարկել եմ ուրիշի փոխարեն, կարող եմ դա խոստովանել։ Կարծում եմ` դա սխալ է ու ներողություն եմ խնդրում։ Իսկ լրագրողի` կատակով տրված հարցին կատակով եմ պատասխանել, թեեւ դրա տակ խորը իմաստ կա, դա լավ, այլ ոչ թե վատ իմաստ ունի»։ «Շնորհակալություն, որ մեզ իրազեկեցիք այդ մասին, այլ մեկնաբանություն չանեմ»,- արձագանքեց Էդմոն Մարուքյանը։