Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԺ նախագահը նաչալնիկ չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram-baxdasaryan

6-րդ գումարման ԱԺ-ում նախագահի ընտրություններ են: Թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ կողմից առաջադրված Արա Բաբլոյան, Ելք դաշինքից՝ Էդմոն Մարուքյան: Այս պահին մտքերի փոխանակություն է: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր ելույթում հայտարարեց, որ Էդմոն Մարուքյանի թեկնածությունն ընդամենը առաջադրում էր առաջադրման համար. «Էդմոն Մարուքյանը չի ընտրվելու, քանի որ նման դեպք չի եղել, որ փոքրամասնության ներկայացուցիչը ղեկավարի ԱԺ-ն»: Ելք դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանին զարմացնում է այս մոտեցումը. «Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ ԱԺ նիստը դա միայն արարողակարգային բնույթ է կրում, որի նպատակն է միայն կուլիսային գործարքները արարողակարգային ձեւով իրացնել: Կարծում եմ՝ ոչ. ԱԺ դահլիճը աշխատասենյակ է, որտեղ մտքերի փոխանակություն է  լինում, որի արդյունքում կարող է ընդունվել մեկ այլ որոշում, քան այն, ինչ կար ուղեղում՝ մինչ դահլիճ մտնելը: Կարծում եմ՝ մենք կարող ենք անել այնպես, որ խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչը ԱԺ նախագահ դառնա: Կոչ եմ անում քվեարկել շանսի ու արդարության օգտին, խորհրդարանական փոքրամասնության օգտին»:  Ելք դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հայտարարեց, որ շատ հաճախ Բաղրամյան 26-ից են հուշում՝ կառավարությունը լա՞վ է աշխատում, թե ոչ, հեռացնե՞լ, թե ոչ. «Այս անպատվաբեր վիճակից դուրս գալու համար լավագույն տարբերակը ԱԺ ընդդիմադիր նախագահ ունենալն է, որ հակակշիռ լինի»:   Այնուհետ, նա մեջբերեց Սերժ Սարգսյանի ելույթից՝ կարեւոր պաշտոնների ընտրեք նրանց, որոնք ոչ թե թիմակից են, այլ պրոֆեսիոնալ են իրենց գործում. «Արա Բաբլոյանին վերաբերում եմ շատ մեծ հարգանքով՝ հայտնի մանկաբույժ է, երկարամյա պատգամավորական փորձ ունի, սակայն անկեղծ ասած՝ մշակութային շոկ ապրեցի, երբ նա ասաց, թե ժամանակին քվեարկել է ուրիշի փոխարեն: Եթե մեկ ուրիշն ասեր, չէի հավատա: Մանկաբուժությունը, կարծում եմ, մեծ վնաս կկրի, եթե նա ընտրվի ԱԺ նախագահ: Եթե միջազգային ասպեկտից ենք նայում, ապա իրավապաշտպան ԱԺ նախագահ ունենալը ոչ պակաս մարդասիրական է, քան մանկաբույժ ԱԺ նախագահը»: ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ ԱԺ նախագահը հրամայող, նաչալնիկ չէ, այլ համակարգողն է ԱԺ աշխատանքների: Սա զարմացրեց Նիկոլ Փաշինյանին. «Այդ ինչպե՞ս, ԱԺ նախագահը պարզապես խոսնա՞կ է, դա՞ է ձեր ամբողջ վերաբերմունքը ԱԺ նախագահի նկատմամբ, սա նաեւ Արա Բաբլոյանի նկատմամբ ուղղակի վիրավորանք էր»: Իսկ Ելք դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ցանկացած իրավիճակում կա ելք. «Անգամ վերջին ելույթների կոնտեքստում, որտեղ լույս չկար, կա ելք: Ես ասացի, եթե ընտրվեմ, ապա լինելու եմ բոլորի ԱԺ նախագահը՝ թե ընդդիմության, թե իշխանության: Ցանկացած իրավիճակում մենք ելք ենք առաջարկելու»: Իսկ Արա Բաբլոյանը նշեց, որ ընտրվելու դեպքում պատրաստ է կյանքի կոչել բոլորի առաջարկները. «Ուզում եմ օգտակար լինել, ասելով, որ ելք կա»: Այդ պահին դահլիճում հնչեցին ծափեր: «Ի դեպ, ԱԺ նիստը նախագահողին ասեք, որ հնարավորություն տա, որ դուք էլ երդվեք, քանի որ չեք երդվել մեզ հետ»,- դիմելով Ելքի անդամներին՝ ասաց Արա Բաբլոյանը: Հաշվիչ հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի կունենա փակ, գաղտնի քվեարկությամբ՝ մինչեւ ժամը 16:00-ն: «Այժմ հայտարարում ենք ընդմիջում ու գնում ընտրության... Վայ, կներեք ընդմիջում չկա»,- հայտարարեց նիստը նախագահող Կնյազ Հասանովը: Այնուամենայնիվ, ԱԺ-ն գնաց ընդմիջման: