Շարմազանովը չի խոստանում չանջատել խոսափողները
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԱԺ փոխնախագահների պաշտոնում առաջադրում է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ արդեն 3-րդ անգամ նույն պաշտոնում առաջադրված Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը: Իսկ «Ծառուկյան դաշինքն» այդ պաշտոնում առաջադրել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորեց Արա Բաբլոյանին բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Իսկ այնուհետեւ նշեց, որ իր 11-րդ տարվա գործունեությունը աչքի առջեւ է. «Մեծ պատիվ է ունենալ վստահություն ՀՀԿ-ի կողմից եւ առաջադրվել այդ պաշտոնում: Առանցքում ունենալու եմ պետության եւ ժողովրդի շահը»: ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց Էդուարդ Շարմազանովին. « Ընդդիմադիր պատգամավորների խոսափողները ժամանակին անջատվել են՝ թեկուզ թեժ, շատ լարված իրավիճակներում: Արդյո՞ք 6-րդ գումարման ԱԺ-ում դուք կփորձեք ավելի համբերատար հանդուրժող լինել եւ չանջատել ընդդիմադիր պատգամավորների խոսափողները եւ արտահայտվելու հնարավորություն տալ պատգամավորներին»: Իսկ Էդուարդ Շարմազանովը պարզաբանեց՝ հիմնականում խոսափողներն անջատվել են օրենքով սահմանված կարգով: «Այնտեղ, որտեղ մեր պատգամավորները կխախտեն ԱԺ կանոնակարգ-օրենքը, խոսափողները կանջատվեն: Այնտեղ, որտեղ ԱԺ կանոնակարգ- օրենքը կպահպանվի, ես խոսքի ազատության ջատագով եմ: Ես կողմ եմ երկխոսությանը, կողմ եմ թեժ բանավեճերին, կողմ եմ քաղաքական բախումներին, բայց ոչ երբեք՝ հայհոյանքներին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: