Հանձնաժողովի նախագահը դեմ կգնա՞ կառավարությանը (տեսանյութ)
6-րդ գումարման ԱԺ-ում այսօր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ծառուկյան դաշինք խմբակցության կողմից առաջադրված Վարդեւան Գրիգորյանին նույն խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը մի նկատառում արեց՝ բնապահպանական հարցերի քննարկմանը ներառել նաեւ քաղաքացիական հասարակությանը. «Ես կուզենայի, որ այդ պոչամբարների, Թեղուտի, Թռչկանի խնդիրները, հանքերի օգտագործումը, որ բնապահպանական կատաստրոֆաներ են առաջ բերում, ձեր ուշադրության կենտրոնում լինեն: Բանն այն է, որ քաղցկեղի երիտասարդացման հարցում ՀՀ-ն առաջատար դիրքերում է աշխարհում, էականորեն պայմանավորված է բնապահպանական խնդիրներով»: Վարդեւան Գրիգորյանը համաձայնեց: Ելք դաշինքի անդամ Գևորգ Գորգիսյանը ևս հավելյալ ճշտեց՝ արդյոք պատրաստ է հանձնաժողովի նախագահը դեմ գնալ կառավարությանը՝ քաղհասարակությանն ընդգրկելու հարցում որոշումներ կայացնելիս։ «Կարծում եմ՝ հանձնաժողովն իր մեջ ուժ կգտնի այն հարցերում, որտեղ վնասն ավելին է, քան տնտեսական օգուտը»,- նշեց Վարդևան Գրիգորյանը։