Վկա. «Հեռախոսիս հետ դժբախտ պատահար եղավ»
Նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով պաշտպանները դատավարության հենց սկզբում դատավոր Վաչե Մարգարյանից հետաքրքրվեցին՝ ինչու է իրենց նկատմամբ դատական սանկցիա կիրառել: «Դուք դատավարության հենց սկզբում ինչու չհետաքրքրվեցիք, թե նախորդ նիստին ինչու չէինք ներկայացել: Միգուցե ծանրաբեռնված էինք: Կամ միգուցե՝ դատախազություն պետական ռեսուրսները վատնելու համար հաղորդում ներկայացնեիք»,- այսօր դատարանում նման հայտարարություն արեց փաստաբան Լիանա Գրիգորյանը:
Նախորդ դատական նիստում դատավորը Լիանա Գրիգորյանի, Կարեն Հովհաննիսյանի, Կարեն Ղազարյանի նկատմամբ որոշել էր կիրառել դատական սանկցիա, այն է` դիմել Փաստաբանների պալատ՝ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու համար:
«Ինչու սանկցիա, եթե բազմաթիվ այլ միջոցներ կան: Սա վիրավորում է փաստաբաններին եւ ձեր կայացրած որոշումը ուղղակի զավեշտ է »,- նշեց Լիանա Գրիգորյանը:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ ավելացրեց, որ այս որոշումը նպատակ է հետապնդում պատժել փաստաբաններին եւ անհարգալից վերաբերմունք է:
Նախկին դատավոր, ներկայումս Իշխան Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Գրիգորյանը դատավորի նման վերաբերմունքը բնութագրեց որպես բաժակի մեջ փոթորիկ սարքել եւ նվաստացնել փաստաբաններին:
Իրենց հայտարարությունները ներկայացնելուց հետո դատարանը 2 ժամից ավել լսեց գործով վկա, փաստաբան Կիմա Սարյանին:
Նա է ներկայացրել գործով առանցքային վկա Նորիկ Հակոբյանի շահերը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք՝ 1000 ԱՄՆ դոլար:
Այսօր վկա- փաստաբանը պատմեց, որ մտերիմ է գործով մյուս ամբաստանյալի՝ Էլզա Զաքարյանի հետ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա կատարել է կաշառքի միջնորդություն:
Վկան ավելացրեց, որ Էլզա Զաքարյանն է խնդրել զբաղվել Նորիկ Հակոբյանի գործով, ինքն էլ համաձայնվել է: Նորիկ Հակոբյանը տնից վտարման վտանգի առաջ է կանգնած եղել, փաստաբանն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել, սակայն ճակատագիրը անհայտ է եղել: Գործը մակագրված է եղել Իշխան Բարսեղյանին:
«Նա ասում էր՝ կարող ես որեւէ մեկին գտնել, որ մոտենա դատավորին»,- պատմեց փաստաբանը:
Կիմա Սարյանի պատմելով՝ հստակություն մտցնելու համար նա զանգահարել է Էլզա Զաքարյանին եւ ասել, եթե հնարավոր է պարզի հակընդդեմ հայցի ճակատագիրը:
Ըստ ցուցմունքի՝ մի քանի օր անց իրեն զանգահարել է Էլզա Զաքարյանը եւ խնդրել մոտենալ Շենգավիթի դատարան: Մոտենալով դատարանի շենքին՝ Էլզա Զաքարյանին եւ Նորիկ Հակոբյանին տեսել է մեքենայի մեջ նստած: Մեքենայի մեջ պարզվել է, որ հակընդդեմ հայցը մերժվել է:
Ի դեպ, այսօր վկան նաեւ պատմեց, որ դատավոր Իշխան Բարսեղյանը Էլզա Զաքարյանին 2000 ԱՄՆ դոլար է պարտք եղել: Համապատասխան պարտավորագրի ժամկետն էլ լրացել էր:
Ըստ նրա՝ Էլզա Զաքարյանը ցանկացել է դիմել դատարան, սակայն ինքը խորհուրդ է տվել հարցը լուծել արտադատարանական կարգով: Էլզա Զաքարյանը ցանկացել է տեսնել դատավորին՝ հարցը լուծելու համար:
Դրանից հետո, ըստ վկայի, ինքը չի տեսել ոչ Նորիկ Հակոբյանին, ոչ Էլզա Զաքարյանին: Հաջորդ օրն էլ իր վստահորդից տեղեկացել է՝ դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է:
Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը վկայից հետաքրքրվեց, թե ինչ համարով է Նորիկ Հակոբյանը զանգահարել իրեն եւ արդյոք հիշում է համարը: Փաստաբանը համարը չէր հիշում, հեռախոսի մեջ էլ պահպանված չէր. «Հեռախոսիս հետ դժբախտ պատահար եղավ »,- ասաց նա:
Վկայի հարցաքննությունն այսօր ավարտվեց: Գործով ամբաստանյալ Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն այսօր դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի վերաբերյալ հղիության մասին տեղեկանք: