Արագիլն աղբից է պատրաստել իր բույնը (տեսանյութ)
Շրջակա միջավայրի վրա ազդում է ինչպես մարդկային գործոնը, այնպես էլ կլիմայական փոփոխությունները: Բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգում է՝ այսօր Հայաստանում ամենամտահոգիչը հանքարդյունաբերությունն է, ինչի պատճառով քաղցկեղն ու էնդոկրին հիվանդություններն ակտիվացել են: «Քաղցկեղի հիվանդացությամբ այս պահին երկրորդ տեղում ենք ամբողջ աշխարհում, սա խոսում է այն մասին, որ պատշաճ ձեւով շրջակա միջավայրի ուսումնասիրությունները չեն անում: Չունենք նաեւ ամբողջական հետազոտություններ հողի, ջրի խնդիրների վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սիլվա Ադամյանը: Նրա խոսքերով՝ եթե այսպես շարունակվեց, ինչպես քաղցկեղն, այնպես էլ էնդոկրին համակարգի հիվանդությունները կփոխանցվեն սերնդից սերունդ. «Էնդոկրին համակարգի փոփոխությունն ազգի գենետիկան է, եթե գենը փոփոխվեց, չգիտեմ մեզնից ի՞նչ կլինի»: Բնապահպանը որպես խնդրի լուծում տեսնում է համապատասխան ուսումնասիրությունների կատարումը, ինչպես նաեւ ծառերի տնկումը, որոնք կավելացնեն անտառները: «Պետք է աճեցնենք այնպիսի ծառեր, որոնք կարող են փոփոխություն մտցնել լանդշաֆտի մեջ»: Այսօր բնապահպանն անդրադարձավ նաեւ աղբի խնդրին: Սիլվա Ադամյանի խոսքերով՝ ամբողջությամբ թաղված ենք աղբի մեջ: Նա նաեւ դրա հետ կապեց Արարատի մարզի Սուրենավան գյուղում արագիլի՝ աղբից պատրաստած բույնը: