«Մի ծխեք այն մարդկանց ներկայությամբ, ում սիրում եք» (տեսանյութ)
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարծում է, որ հասարակական վայրերում առհասարակ պետք է արգելվի ծխելը. ռեստորաններում պետք է ոչ թե առանձնացվեն ծխողների սրահները, այլ ընդհանրապես հանվեն։ Ըստ նախարարի՝ սրան պետք է տրվի օրենքի ուժ, քանի որ Հայաստանում ծխախոտ օգտագործողների թիվը մտահոգիչ է: 18-ից բարձր տարիքի տղամարդկանց 55 տոկոսը ծխում է. այս մասին այսօր՝ առանց ծխախոտի օրը կազմակերպված ասուլիսին հայտարարել է Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: «Բայց ամեն դեպքում ուրախացնում է այն փաստը, որ մենք՝ չծխողներս, ավելի շատ ենք, ավելի ակտիվ ենք: Ավելի կազմակերպված ենք եւ մենք ճիշտ ենք, ծխախոտը չարիք է եւ սպանում է»,- ասաց նախարարը: Առողջապահության նախարարը արդեն 15 տարի է՝ չի ծխում: Առավոտյան արթնացել է եւ որոշել այլեւս չծխել: Նոր կանխատեսումները փաստում են, որ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունները թույլ կտան առաջիկա քառասուն տարիների ընթացքում կանխել ավելի քան 187000 մահվան դեպք: «Ծխելու հետեւանքով աշխարհում մահանում է տարեկան 7 մլն մարդ, որից 600,000-ը պասիվ ծխելու պատճառով: Մի ծխեք այն մարդկանց ներկայությամբ, ում սիրում եք, հրաժարվեք ծխելուց»,- կոչ արեց ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցեւը։ Առողջապահության նախարարությունը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, օրենսդրական առաջարկներ պետք է պատրաստեն բոլորը: «Այն նախաձեռնությունները, որոնք կունենան գերակշռող դրական գնահատականներ, կգնան դեպի օրենք, որպեսզի կարողանանք ասել, որ մենք հանրաքվե ենք անցկացրել»,- ասաց նախարարը: